
Ճապոնական հետազոտական առաքելությունն օվկիանոսում 6000 մետր խորությամբ հայտնաբերել է հազվագյուտ մետաղների նստվածքներ: Տոկիոյի կառավարությունն այդ մասին հայտարարել է երկուշաբթի՝ փետրվարի 2-ին:
Գիտնականների գնահատականի համաձայն՝ Մինամիտորի տարածքում և շրջակա ջրերում կարող են լինել ավելի քան 16 միլիոն տոննա հազվագյուտ մետաղներ: Եթե դա հաստատվի, հանքավայրը կդառնա աշխարհի ամենամեծերից մեկը: Դա կարող է նաև օգնել նվազեցնելու կախվածությունը Չինաստանից հազվագյուտ մետաղների մատակարարումներից, ինչին ձգտում է վարչապետ Սանաե Տակաիչիի կառավարությունը:
Նոյեմբերին Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակաիչին հայտարարել էր, որ Չինաստանի հարձակումը Թայվանի վրա կարող է համարվել «գոյատևման սպառնալիք» իր երկրի համար: Ճապոնական օրենքը թույլ է տալիս օգտագործել բանակը, եթե օտար երկրի վրա հարձակումը հստակ սպառնալիք է ներկայացնում Տոկիոյի համար: Պեկինը սպառնացել է պատասխան միջոցներով, եթե Ճապոնիայի վարչապետը չհրաժարվի իր հայտարարությունից։
Հունվարի 6-ին Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր Ճապոնիա կրկնակի նշանակության ապրանքների արտահանման արգելքի մասին։ Այդ ցանկում ներառված են որոշ հազվագյուտ մետաղներ։
Հազվագյուտ մետաղները 17 քիմիական տարրեր են՝ եզակի հատկություններով։ Դրանք անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիական սարքերի արտադրության համար, մասնավորապես՝ էլեկտրոնիկայի և գործիքաշինության ոլորտում։ Հազվագյուտ մետաղների պաշարներով առաջատարը Չինաստանն է (44 միլիոն տոննա), որին հաջորդում են Վիետնամը (22 միլիոն տոննա), Բրազիլիան (21 միլիոն տոննա), Ռուսաստանը (10 միլիոն տոննա) և Գրենլանդիան (2 միլիոն տոննա):