Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբավորումների» ցանկում

Իրանը Եվրամիության երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբավորումների» ցանկում, գրում է Al Jazeera-ն։

Սա Իրանի պատասխանն է ԵՄ-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշմանը։

«Եվրոպացիները փաստացի կրակեցին իրենց ոտքին և, կրկին կուրորեն ենթարկվելով ամերիկացիներին, ընդունեցին որոշում՝ ի վնաս սեփական ժողովուրդների շահերի»,- հայտարարել է Ղալիբաֆը։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Կայա Կալլասը հունվարի 29-ին հայտնել էր Բրյուսելի որոշման մասին՝ ընդգծելով, որ ճնշումները «չեն կարող մնալ անպատասխան»։ Թեհրանում այդ քայլը որակել էին որպես «ռազմավարական սխալ»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո և հանդիսանում է Իրանի զինված ուժերի առանձին ստորաբաժանում, որն անմիջականորեն ենթարկվում է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Կորպուսն առանցքային դեր ունի Իրանի պաշտպանության, արտաքին գործողությունների և տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ երկրում սկսված բողոքի ցույցերից հետո։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորության մասին բողոքի ակցիաները կոշտ ճնշելու շարունակության դեպքում։ Հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր Մերձավոր Արևելքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին և տարածաշրջան էր ուղարկել ավիակիրային հարվածային խումբ՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ։

Leave a Comment