Ո՞ւր անհետացան 26.000 աշխատունակ մարդիկ. տարօրինակ վիճակագրություն

Պաշտոնական վիճակագրությունը նոր տվյալներ է հրապարակել գործազրկության վերաբերյալ։ Դրանց համաձայն՝ գործազրկությունը Հայաստանում նվազել է. Գործազրկության մակարդակն անցած տարվա երրորդ եռամսյակում 13.3 տոկոսից իջել է մինչև 11.8 տոկոսի։ Իհարկե, 11.8 տոկոսն էլ գործազրկության չափազանց բարձր մակարդակ է, ու դա նշանակում է, որ տասնյակ-հազարավոր աշխատունակ քաղաքացիներ նախկինի նման շարունակում են գործազուրկ լինել, բայց արձանագրված նվազումն էլ ձևական է եղել։

Իրականում ոչ թե գործազրկությունն է նվազել, այլ պարզապես աշխատուժի առաջարկն է կրճատվել, աշխատունակ քաղաքացիների քանակն է պակասել։

Աշխատուժի կրճատումն ու գործազրկության նվազումն արմատապես տարբեր բաներ են։

Աշխատուժի կրճատումն է, որ ավտոմատ հանգեցրել է գործազուրկների թվի նվազման։ Երբ աշխատուժը կրճատվում է, գործազրկության տոկոսը նվազում է նույնիսկ այն դեպքում, եթե անգամ ոչ մի նոր աշխատատեղ չի ստեղծվում։ Սա հենց այն է, ինչ տեղի է ունեցել Հայաստանում։

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում աշխատուժը կրճատվել է 26.000-ով՝ 1 միլիոն 397.000-ից դարձել է 1 միլիոն 371 հազար։ Սա աշխատուժի ահռելի կորուստ է։

Ինչով էլ այն պայմանավորված լինի, նշանակելու է, որ երկիրն ու տնտեսությունը կորցրել են իրենց արտադրողական պոտենցիալը, որն արտահայտվել է ամենակարևոր՝ մարդկային կապիտալի կորստի տեսքով։

Ո՞ւր են գնացել այդ մարդիկ, ինչո՞ւ են դուրս մնացել աշխատուժից, ի՞նչ է տեղի ունեցել, պաշտոնական վիճակագրությունը ոչ մի մեկնաբանություն չի տալիս։ Միայն չոր թվերն է հրապարակում, որոնք պատկերացում չեն տալիս այդ 26 հազար աշխատուժի անհետանալու մասին։

Նրանք գնացե՞լ են երկրից, արտագաղթե՞լ են, դարձել են անաշխատունա՞կ, թե՞ նրանց միտումնավոր դուրս են թողել պաշտոնական վիճակագրությունից՝ գործազրկության ցուցանիշները քաղաքական իշխանության քիմքին հարմարեցնելու համար, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ փաստացի 26.000-ով նվազել է Հայաստանի աշխատունակ բնակչության քանակը, ինչն էլ հանգեցրել է գործազրկության մակարդակի արհեստական իջեցման։ Նախորդ տարվա 13.3-ից այն դարձել է 11.8 տոկոս, որն, անշուշտ, շատ ավելի մոտ է գործազրկության կրճատվելու վերաբերյալ քաղաքական իշխանության տված խոստմանը։

Նախորդ ընտրությունների ժամանակ ու կառավարության գործունեության ծրագրով խոստացել էին, որ գործազրկության մակարդակը պետք է իջեցնեն 10 տոկոսից։ Ու հիմա տպավորություն է, որ պաշտոնական վիճակագրությունը ջանում է սպասվող ընտրություններից առաջ ցուցանիշներ նկարել քաղաքական իշխանության համար։

Դեռ ժամանակ կա, և այս տեմպերով հաստատ կհասցնեն։ Այլ բան, թե ինչ են շահելու դրանից քաղաքացիները։ Գործազրկության նվազումից հետո էլ Հայաստանում մեծ թվով գործազուրկներ կան։

Վերջին տվյալներով, պաշտոնապես նրանց քանակը հասնում է 161.000-ի։

Մինչև կրճատումն ավելի շատ էր՝ անցնում էր 185.000-ից։ Թվերով 185.000-ից դարձել է 161.000՝ 24.000-ով պակասել է։ Թվում է, թե այդքան մարդու ապահովել են աշխատանքով։ Բայց ի՞նչ աշխատանք, ոչ մի աշխատանքով էլ չեն ապահովել։

24.000 մարդ, որը նախկինում համալրում էր գործազուրկների շարքերը, պարզապես այլևս իրենից աշխատուժ չի ներկայացնում։ Դուրս է մնացել աշխատուժի հաշվարկներից, ինչի արդյունքում էլ գործազուրկների քանակը 24.000-ով ավտոմատ կրճատվել է։

Սա գործազրկության իրական կրճատման հետ կապ չունի։ Գործազրկության իրական կրճատումը ենթադրում է, որ պետք է ավելանար զբաղվածների քանակը։ Սակայն անգամ 1-ով զբաղված քաղաքացիների քանակը չի ավելացել։ Նույնիսկ կրճատվել է՝ 1 մլն 211.000-ից դարձել է 1 մլն 210.000։

Տարօրինակն այն է, որ այս պայմաններում իշխանությունները հայտարարում են տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Հարց է առաջանում, որտե՞ղ են ստեղծվել այդ աշխատատեղերը, եթե զբաղվածների քանակը Հայաստանում նույնիսկ կրճատվել է։

Սա ունի պարզ բացատրություն. Իրականում Հայաստանում ոչ թե նոր աշխատատեղեր են ստեղծվել, ինչը պարբերաբար շահարկում են, այլ ընդամենը եղած աշխատատեղերն են բացահայտվել։ Ընդհակառակը՝ զբաղվածությունը մեր երկրում նվազել է։

Զբաղվածությունը կորցրածների հաշվին գործազուրկների շարքերն ավելացել են, բայց պաշտոնական տվյալներով՝ գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է։ Վաղը սա իշխանությունները կներկայացնեն՝ որպես մեծագույն ձեռքբերում, առանց ասելու, թե դա ինչի հաշվին է տեղի ունեցել։ Այն դեպքում, երբ գործ ունենք չափազանց մտահոգիչ երևույթի հետ, որը վերաբերում է աշխատուժի առաջարկի կրճատմանը։ Աշխատուժն ավելի մեծ տեմպերով կրճատելու պարագայում, անշուշտ, շատ ավելի մեծ տեմպերով կարող էին նվազեցնել գործազրկության մակարդակը։ Բայց նման կրճատում, բացի իշխանություններից, ոչ մեկին պետք չէ։

Զբաղվածությունը Հայաստանում նվազել է, երբ պաշտոնական հաղորդագրություններում պարբերաբար խոսվում է տնտեսական բարձր ակտիվության, աճող ՀՆԱ-ի, ռեկորդային ցուցանիշների ու զարգացումների մասին։ Թե ինչո՞ւ է այդպես, պետք է փնտրել տնտեսական ակտիվության հիմքում։ Իշխանությունների ապահոված տնտեսական ակտիվությունը, որով պարծենում են, այնպիսի գործոնների արդյունքում է, որը, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում հասարակ քաղաքացու կյանքում։ Դա է պատճառը, որ վիճակագրորեն Հայաստանում կյանքը լավանում է, մարդկանց եկամուտներն ավելանում են, բայց իրականում շատերի կյանքում բան չի փոխվում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ կրկնապատկում-եռապատկումից են խոսում, իսկ հասարակ քաղաքացին դա չի զգում իր վրա, որովհետև  տնտեսական աճը զուրկ է ներառականությունից, եղածն էլ խիստ անհամաչափ է բաշխվում։ Այն կենտրոնացած է սահմանափակ ու նեղ խմբերի ձեռքում։

Երբ տնտեսական արդյունքն անհավասար է բաշխվում, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն դառնում է դատարկ ցուցանիշ։ Այդ պայմաններում ոչ մի նշանակություն չունի, թե ինչպես է այն փոխվում, որովհետև դրանից միայն սոցիալական բևեռացվածությունն է խորանում։ Հասարակության որոշ խմբերի եկամուտները տասնյակ անգամներով են ավելանում, մյուսներինը նույնիսկ նվազում է։

Այսպիսի աճերը զուտ վիճակագրական «բարելավումներ» են։ Այնպես, ինչպես գործազրկության կրճատումը, որը՝ դատելով հրապարակված տվյալներից, տեղի է ունեցել ոչ թե մարդկանց աշխատանքով, զբաղվածությամբ ապահովելու հաշվին, այլ 26.000 աշխատունակ քաղաքացիների արտագաղթի, անաշխատունակ դառնալու կամ այլ պատճառներով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Leave a Comment