Վրաստանի ընտրությունը. ռազմավարական կամո՞ւրջ, թե՞ ռուսական փակուղի

Վրաստանի ընտրությունը. ռազմավարական կամո՞ւրջ, թե՞ ռուսական փակուղի

Վրաստանի քաղաքական, վերլուծական շրջանակներում լսվում են TRIPP նախագծի, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման հեռանկարի և Հայաստանով անցնող հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ տագնապի ազդանշաններ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից, մինչև գործող իշխանության նախկին վարչապետ Գիորգի Գախարիա, ահազանգում են այդ գործընթացների և, դրանց ֆոնին, Վրաստանի իշխանությունների կողմից վարվող ներկայիս «մեկուսացման» քաղաքականության հետևանքով Վրաստանի՝ ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում հայտնվելու վտանգի մասին։

Մտահոգությունը պարզ է և հիմնավորված. Վրաստանը տասնամյակներ շարունակ վայելել է տարածաշրջանի «անփոխարինելի կամրջի» իր կարգավիճակը՝ մեծապես շնորհիվ Հայաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացման։ Ստացվել է այնպես, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը սնել է Վրաստանի տնտեսական ու քաղաքական շահերը, և հենց դրա ու Հյաաստանի մեկուսացման շնորհիվ է Վրաստանը ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիոն «Հաբ»-ի իր կարգավիճակը։

Ռազմավարական մեկուսացո՞ւմ, թե՞ նոր հնարավորություններ․

Վրաստանի ներկայիս կառավարությունը փորձում է պահպանել զգուշավոր հավասարակշռություն։ Պաշտոնապես ողջունում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը՝ առաջարկելով «հարևանության հարթակ», մյուս կողմից՝ զգուշավորությամբ է հետևում TRIPP նախագծի զարգացմանը։

Իշխող «Վրացական երազանքը» փորձում է հանրությանը համոզել, որ Վրաստանի տարանցիկ դերը չի նվազի, սակայն Գիորգի Գախարիայի պնդումը, թե մինչ հարևան երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ԱՄՆ նոր վարչակազմի հետ համատեղ կառուցում են ապագայի տրանսպորտային ճարտարապետությունը, Վրաստանը կամավոր հեռանում է այդ օրակարգից՝ դառնալով ռեգիոնալ դրամայի երկրորդական դերակատար, այլ բանի մասին է խոսում։

Իրականում, Հայաստանի ապաշրջափակումը և TRIPP-ի գործարկումը Վրաստանի համար վերջի սկիզբ չէ ամենևին։ Վրաստանն այսօր ունի էական առավելություն՝ որակյալ ճանապարհներ, արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, մեծ թողունակություն ապահովող ներքին ճանապարհային հանգույց և որակյալ լոգիստիկ ցանց։ Թբիլիսին նաև հսկայական ջանքեր է գործադրում «Միջին միջանցքի» և Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման ուղղությամբ։ Այս նախագծերը միտված են Վրաստանը դարձնել եվրոպական շուկայի դարպասը։ Հայաստանն այս ամենը դեռ չունի, նոր միայն պետք է փորձի ստեղծել սեփական միջոցներով, ամերիկյան և շահագրգիռ այլ սուբյեկտների ներդրումներով։ Դա տարիների հարց է, հետևաբար, այս առումով Վրաստանը ունի Հայաստանի նկատմամբ մրցակցային առավելություն։

Վրաստանի կողմից դեպի Հայաստան հաղորդուղիների արդիականացումը և նոր թողունակությունների ստեղծումն ավելի են ուժեղացնում նրա դիրքերը արդեն նաև TRIPP-ի և հարավային ուղղությամբ բացվող կումունիկացիաներից օգտվելու իմաստով։ Սա նշանակում է, որ Վրաստանը կարող է հանդես գալ ոչ թե որպես Հայաստանի մրցակից, այլ՝ որպես գործընկեր, որն իրականացնում է բեռների վերջնական լոգիստիկ սպասարկումը Սև ծովի ափին և այդպիսով դառնում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ Հյուսիս-Հարավ (Պարսից ծոց-Սև ծով) ուղեգծի հանգուցային ամենակարևոր օղակներից մեկը։

Ինտեգրումը որպես միակ փրկօղակ

Այս իմաստով, Հայաստանի խնդիրը Վրաստանից նրա ներկայիս ստրատեգիական կարգավիճակը խլելը չէ։ Երևանի ռազմավարական նպատակը Թբիլիսիին TRIPP-ին և «Խաղաղության խաչմերուկին» լիակատար ինտեգրելն է։ Վրաստանի միջոցով և Սև ծովով Հայաստանը կապվում է եվրոպական շուկային, իսկ Վրաստանի համար Հայաստանը դառնում է ամուր և անվտանգ կամուրջ դեպի Իրան և Պարսից ծոց։ Այսպիսի համագործակցությունը տնտեսապես չափազանց շահավետ է Վրաստանի համար՝ նաև տնտեսական անվտանգության առումով։ Այն Թբիլիսիին թույլ կտա դիվերսիֆիկացնել իր կապերը և չափավորել տնտեսական կախումը Ադրբեջանից և Թուրքիայից։ Երբ առկա են այլընտրանքային ուղիներ, ոչ մի պետություն չի կարող թելադրել իր կամքը։

Հետևաբար, հիմա ողջ հարցն այն է, թե ինչ ընտրություն կկատարի Վրաստանը։ Թբիլիսին կանգնած է նույն ճակատագրական սխալն անելու վտանգի առաջ, որը Հայաստանն արեց 1990-ականներին։ Այն ժամանակ Երևանը, չկամենալով փնտրել այլընտրանքներ, ընտրեց «Անվտանգություն՝ ինքնիշխանության դիմաց» բանաձևը։ Արդյունքում, ռազմավարական բոլոր ենթակառուցվածքները հայտնվեցին Ռուսաստանի տիրապետության տակ, երկիրը վերածվեց աշխարհաքաղաքական կույր աղիքի, իսկ վերջում Ռուսաստանը, հանուն իր գեոպոլիտիկ շահերի, զոհաբերեց հայկական շահերը՝ նաև անվտանգային առումով կանգնեցնելով փաստի առաջ։ «Ռուսական սապոգով» ինքնիշխանության պաշտպանության լոզունգների տակ ինքնամեկուսացումը կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանային նոր զարկերակները պարզապես շրջանցեն Վրաստանը։

Հետևաբար, տեղի ունեցողը Վրաստանի համար կատաստրոֆիկ չէ, այլ ընդամենը ազդարարում է Վրաստանի մենաշնորհային դիրքի բնականոն ավարտը։ Խաղաղության պայմանագիրը և նոր ուղիները Վրաստանի և Հայաստանի համար բացում են «հավասարը հավասարի հետ» իրական համագործակցության դուռը։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment