Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Բաքուն պատրաստակամ է նպաստել Իրանի շուրջ լարվածության կարգավորմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը զանգել է Փեզեշքիանին և մտահոգություն հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա հայտարարել է Ադրբեջանի պատրաստակամության մասին նպաստել լարվածության կարգավորմանը և ընդգծել, որ Բաքուն աջակցում է նման հարցերի լուծմանը «բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նաև նշվել է, որ երկրների միջև հարաբերությունները «հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա», և որ «երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական, էթնիկ և կրոնական կապեր»։
Հունվարի 30-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ Իրանի շուրջ լարվածության ֆոնին։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։
