«Բողոք կգրեմ», «Պետք է առաջ ընթանալ»․ քաղաքացիները՝ տերմինալներով վճարումների սահմանափակման մասին

Փետրվարի 1-ից EasyPay, Idram, Telcell և Fast Shift վճարային համակարգերի տերմինալների և բջջային հավելվածների միջոցով այլևս հնարավոր չի լինի վճարել «Վիվա Արմենիա», UCOM և Team Telecom Armenia ընկերությունների ծառայությունների համար։ UCOM-ի ծառայությունների դեպքում նույն սահմանափակումը կգործի փետրվարի 2-ից։

Այս փոփոխությունը հեռահաղորդակցության օպերատորները հիմնավորել են «մի շարք վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու որոշմամբ»՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը։

Ավելի ուշ վճարահաշվարկային կազմակերպությունները հանդես են եկել միասնական պարզաբանմամբ՝ նշելով, որ հեռահաղորդակցության օպերատորների առաջարկած նոր պայմանները իրենց համար դարձել են տնտեսապես ոչ շահավետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հեռահաղորդակցության ընկերությունների առաջարկած նոր պայմանները ենթադրում էին միջնորդավճարի նվազեցում՝ մինչև 40-50 տոկոս, ինչը չի ծածկում ոլորտային ծախսերը։

Ըստ նրանց՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը կնշանակեր ծառայությունների մատուցում վնասով, ինչի պատճառով դրանք մերժվել են։ Վճարահաշվարկային կազմակերպությունների պնդմամբ՝ հենց այդ մերժումն էլ հանգեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից գործող պայմանագրերի միակողմանի խզմանը։

Միևնույն ժամանակ՝ հեռահաղորդակցության ընկերությունները պնդում են, որ իրենց առաջարկները միտված են սակագների համապատասխանեցմանը շուկայում գործող պայմաններին և արդար մրցակցային միջավայրի ձևավորմանը։

Մասնավորապես, Team Telecom Armenia-ն նշել է, որ գործընկերներին առաջարկել է նաև քննարկել սակագների փուլային նվազեցման հնարավորությունը՝ փոխադարձ շահերի հաշվառմամբ, սակայն այդ առաջարկներին հիմնավորված հակադարձում չի հետևել։

Ընկերությունը նաև մատնանշում է, որ նույն վճարահաշվարկային կազմակերպությունները այլ ոլորտների ծառայությունների համար կիրառում են ավելի ցածր սակագներ։

«Վիվա Արմենիա»-ն և UCOM-ը ևս նշում են, որ ֆինանսապես անընդունելի պայմանների դեպքում չեն կարող շարունակել համագործակցությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ բաժանորդների համար ապահովված են վճարումների այլընտրանքային եղանակներ՝ պաշտոնական կայքերի, բջջային հավելվածների, սպասարկման կենտրոնների, բանկերի և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով։

Այս որոշումը դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում, ինչպես նաև քաղաքացիների շրջանում։ Armenia Today-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Երևանի փողոցներում։

Շատ բաժանորդներ մտահոգություն են հայտնել, որ տարիներ շարունակ օգտվել են վճարային տերմինալներից և էլեկտրոնային դրամապանակներից և այժմ ստիպված են փոխել իրենց վճարման սովորությունները։

Բազմաթիվ օգտատերեր նշում են, որ դեռևս հստակ չեն պատկերացնում, թե հետագայում ինչպես են արագ կամ առցանց իրականացնելու լիցքավորումները և վճարումները։

Այս դեպքում հեռահաղորդակցության օպերատորների զանգերի կենտրոններում բաժանորդներին խորհուրդ են տալիս ներբեռնել օպերատորների պաշտոնական հավելվածները կամ վճարումներ կատարել բանկային հավելվածների միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment