Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների և ինքնապաշտպանության. նախագահի և ԱԳՆ-ի հայտարարությունը

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների և ինքնապաշտպանության, սակայն չի ընդունի ԱՄՆ-ի թելադրանքը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Իրանը պաշտպանության բավարար ներուժ ունի և որևէ մեկի օգնության կարիքը չունի:

«Եթե հարձակում տեղի ունենա, մեր պատասխանը կլինի կոշտ և չափազանց հզոր», – ընդգծել է նախարարը:

Արաղչին նշել է, որ իրական բանակցությունների համար անհրաժեշտ է վերացնել սպառնալիքների և ճնշումների մթնոլորտը: Առանց բանակցությունների շրջանակի, բովանդակության և կանոնների շուրջ համաձայնության առաջընթաց չի լինի։

«Բանակցությունները չեն կարող ճնշումների տակ ընթանալ։ Առանց փոխադարձ հարգանքի և հավասար պայմանների, արդար համաձայնագիրը չի ստացվի», – հավելել է նա։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանի առաջնահերթությունը մնում է դիվանագիտությունը, և երկիրը պատրաստ է միջուկային բանակցություններին մասնակցել հավասար դիրքերում և փոխադարձ հարգանքի հիման վրա:

«Եթե բանակցությունները լինեն ազնիվ և արդար, Իրանը պատրաստ է մասնակցել։ Մենք ոչ մի դեպքում չենք ընդունի թելադրանքն ու պարտադրանքը»,- հայտարարել է Արաղչին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է վերանայեն իրենց վարքագիծը քաղաքացիների նկատմամբ, որպեսզի օտար ուժերին միջամտության առիթ չտան: Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի ոխերիմ թշնամիները, այդ թվում՝ Իսրայելն ու արևմտյան երկրները, փորձում են հրահրել երկիրը և բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի:

«Մենք պետք է լսենք խաղաղ ցուցարարներին և լուծենք նրանց իրական խնդիրները, որպեսզի հնարավորություն չտանք նրանց, ովքեր ձգտում են ատելություն սերմանել»,- նշել է նախագահը:

Հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է բանակցություններ վարել Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ռազմանավ: Նշվում էր, որ Միացյալ Նահանգները, բացի միջուկային ծրագրից հրաժարվելուց, Իրանից պահանջում է նաև սահմանափակել հրթիռային ծրագիրը, ինչին Թեհրանը դեմ է:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական գործողություն կդիտարկեն որպես լայնամասշտաբ հակամարտության սկիզբ և խոստացել են պատասխանել հնարավորինս կոշտ:

Leave a Comment