ԱՀԿ-ն ուշադիր հետևում է Նիպահ վիրուսի հետ կապված իրավիճակին

ԱՀԿ-ն ուշադիր հետևում է Նիպահ վիրուսի հետ կապված իրավիճակին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուշադիր հետևում է Նիպահ վիրուսի հետ կապված իրավիճակին Հնդկաստանում և այլ երկրներում, Ժնևում ՄԱԿ-ի ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ պաշտոնյա Անաիս Լեգանը։

Լեգանը նշել է, որ հունվարի 26-ին Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում հաստատվել է Նիպահ վիրուսի վարակի երկու դեպք, մինչ այժմ նոր դեպքեր չեն գրանցվել։ Նա ասել է, որ երկու հիվանդն էլ ստանում են օժանդակ խնամք առողջապահական հաստատությունում և չեն ճանապարհորդել, երբ նրանց ախտանիշներն ի հայտ են եկել։

Հնդկաստանի առողջապահական մարմինները միջոցներ են ձեռնարկում բռնկման դեմ պայքարելու համար, ներառյալ՝ ուժեղացված հսկողությունը, լաբորատոր հետազոտությունները, շփումների հետևումը և ռիսկի հաղորդակցությունը, ասել է ԱՀԿ փորձագետը։ 

«Նիպահ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1998 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր սահմանափակ թվով դեպքեր են գրանցվել Բանգլադեշում, Հնդկաստանում, Մալայզիայում, Ֆիլիպիններում և Սինգապուրում: Վիրուսը սովորաբար մարդկանց է փոխանցվում վարակված չղջիկների կամ այլ կենդանիների հետ անմիջական շփման, ինչպես նաև աղտոտված մրգերի կամ սննդի, օրինակ՝ հում արմավենու հյութի օգտագործման միջոցով: Որոշակի պայմաններում հնարավոր է նաև մարդուց մարդ ուղիղ փոխանցում»,- ասել է նա։

Մասնագետն ընդգծել է, որ ԱՀԿ-ն մշտական ​​կապի մեջ է Հնդկաստանի առողջապահական մարմինների հետ՝ իրավիճակի ռիսկը գնահատելու համար և անհրաժեշտության դեպքում կտրամադրի տեխնիկական աջակցություն։

«Հասանելի տեղեկատվության հիման վրա ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ռիսկը ներկայումս գնահատվում է որպես ցածր: ԱՀԿ-ն կշարունակի հետևել Հնդկաստանում և այլ երկրներում իրավիճակին, կանոնավոր կերպով անցկացնել ռիսկի գնահատումներ և, անհրաժեշտության դեպքում, նպաստել դեպքերի վաղ հայտնաբերմանը, արձագանքմանը և հանրային իրազեկմանը»,- նշել է նա։

Մեկնաբանելով մի քանի երկրի կողմից հնդկական նահանգներից ուղևորների համար սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու որոշումը՝ Լեգանը նշել է, որ արձագանքը մնում է հիվանդության վերահսկման ամենաարդյունավետ միջոցը։

«Վիրուսի միջին ինկուբացիոն ժամանակահատվածը 3-14 օր է։ Մահացության մակարդակը գնահատվում է 40-75%»,- ասել է նա։

Leave a Comment