31 հունվարի 2026 – 10:18 AMT
PanARMENIAN.Net – Արմավիրի մարզի դատարանը 2 ամսով երկարաձգել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր` Գևորգ Ներսիսյանի կալանքը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Բացահայտ անհիմն որոշում էր, որը հերթական ճնշման միջոցն է։ Այս ամենն այլ կերպ չի կարելի բնորոշել։ Գործով հիմնական վկան ցուցմունք է տվել դատարանում, որը նախաքննական ցուցմունքից տարբերվում է։ Նա նշել է, որ Գևորգ Ներսիսյանը որևիցե բացասական խոսք, որևիցե վեճի նյութ չի ասել, այսինքն՝ լրիվ այլ ցուցմունք է տվել»,– ասել է Զոհրաբյանը։
Զոհրաբյանն ընդգծել է, որ գործով հիմնական վկան նաև ասել է, որ ինքն իր կամքով չի գնացել հաղորդում ներկայացնելու, իրեն ստիպել են դա անել։
«Այդքանից հետո էլի Արմավիրի մարզի դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանը հարմարեցրել է ամեն ինչ և որոշել, որ պետք է 2 ամսով երկարաձգի առողջական խնդիր ունեցող 69 տարեկան կենսաթոշակառուի կալանքը»,– ասել է Զոհրաբյանը։
Նոյեմբերի 3-ին դատարանը որոշում է կայացրել կալանավորել Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին՝ մեկ ամսով։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը վերաբերում է քարոզարշավին խոչընդոտելուն մի խումբ անձանց կողմից։ Քննչական մարմինների համաձայն՝ նրանք 2025 թվականին Վաղարշապատ խոշորացված համայնքում խոչընդոտել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական արշավը։