ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են և ոչ մի կերպ «համոզմունքների» արդյունք չեն։ Այս ծրագրի իրականացման մեջ ակնհայտորեն երևում է գործողությունների համակարգվածությունը․ դատեք ինքներդ՝
— «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասերի վերացում։
— «Շողակաթ» հեռուստաընկերության հանդեպ իրականացված գործողություններ։
— Հայ Առաքելական Եկեղեցուն պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից զրկում։
— ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդության լուծարում։
— Եկեղեցականների նկատմամբ ձերբակալություններ և հետապնդումներ։
— ՀԱԵ-ի «այլընտրանքային թևի» ձևավորում նախկին/գործող եկեղեցականների սակավաթիվ խմբից, որոնք այս կամ այն պատճառով միացել են իշխանությունների հակաեկեղեցական արշավին։
Եվ հիմա հարցը՝ ո՞ւմ կամ ո՞ր երկրին է ձեռնտու հայկական Եկեղեցու հետապնդումը։ Ի՞նչի են ի վերջո ցանկանում հասնել իշխանությունները։
Եվ եթե այս գործողությունները հիմնավորվում են պետական շահերով, ապա այդ պետության անունը հաստատ Հայաստանը չէ։ Իսկ թե ո՞ր պետությանն է այս անասնական խայտառակությունը ձեռնտու՝ կռահեք ինքներդ»։