Հունաստանը նավատերերին զգուշացրել է Իրանի ափերի մոտ նավարկելու վտանգների մասին՝ տարածաշրջանում լարվածության սրման պատճառով, հայտնում է Bloomberg-ը։
Հունաստանի նավագնացության նախարարությունը խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով նավարկել ԱՄԷ-ին և Օմանին ավելի մոտ։
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փետրվարի 1-ին և 2-ին Հորմուզի նեղուցում կանցկացնի մարտական կրակոցներով վարժանքներ։
Հունվարի 29-ին Եվրամիությունը հաստատել էր Իրանի դեմ նոր պատժամիջոցներ։ Միջոցառումները ուղղված են երկրում բողոքի ցույցերը ճնշելուն մասնակցող անհատներին և կազմակերպություններին։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Իրանի անվտանգության և արդարադատության 15 պաշտոնյաներ, ինչպես նաև վեց իրավաբանական անձինք։
Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում 2025 թվականի դեկտեմբերի վերջից՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին։ Իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Time ամսագիրը, հղում անելով Առողջապահության նախարարության երկու պաշտոնյաների, հայտնել է 30000 զոհերի մասին։
