EU4Innovation East ծրագիրը հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին

EU4Innovation East ծրագիրը հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին

EU4Innovation East ծրագիրը հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին՝ Հայաստանում չորս ռազմավարական ոլորտներում ինկուբացիոն ծրագրեր ձևավորելու նպատակով՝ կիբերանվտանգություն, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և ֆինանսական տեխնոլոգիաներ (FinTech)։

«Այս նախաձեռնությունը Եվրամիության պատրաստակամության արտահայտումն է՝ աջակցելու նորարարության և ձեռներեցության զարգացմանը Հայաստանում»,- նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ «ինկուբացիոն ծրագրերին աջակցելով մենք նպաստում ենք ստարտափների դիմացկուն և հզոր համայնքի ստեղծմանը, որոնք կնպաստեն տեխնոլոգիական առաջընթացին, կներգրավվեն նոր ներդրումներ և կդառնան տնտեսական աճի կարևոր գործոն»։ Նա հավելեց, որ միաժամանակ ամրապնդվում է Հայաստանի դերը այնպիսի տեխնոլոգիաների մշակման գործում, որոնք կարող են բարձրացնել երկրի տնտեսական մրցունակությունն ու նպաստել դիվերսիֆիկացմանը։ «Սա հատկապես կարևոր է տարածաշրջանային կապերի ամրապնդման տեսանկյունից, ինչին աջակցում է Եվրամիությունը իր «Գլոբալ Դարպաս» նախաձեռնության շրջանակներում», ընդգծեց դեսպանը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 800 հազար եվրո ֆինանսավորում, յուրաքանչյուր ինկուբացիոն ծրագրի համար՝ մինչև 200 հազար եվրո։

Ըստ ծրագրի պայմանների՝ յուրաքանչյուր ոլորտում նախատեսվում է աջակցել մինչև 27 ստարտափի՝ 24 ամիս տևողությամբ ինկուբացիոն շրջանի ընթացքում։ Ստարտափները կստանան մենթորություն, տեխնիկական աջակցություն, առաջընթացի մոնիթորինգ և շուկաներ մուտք գործելու հնարավորություն։

Ստարտափների ինկուբացիոն փուլը հանդիսանում է հաջող զարգացման ճանապարհի կարևոր գրավական, երբ գաղափարներն աստիճանաբար վերածվում են գործնական քայլերի, ձևավորվում են թիմեր, փորձարկվում բիզնես մոդելներ և կատարելագործվում ձեռներեցական հմտությունները։ Թեև ֆինանսական եկամուտները սկզբնական փուլում կարող են սահմանափակ լինել, դրանց երկարաժամկետ ազդեցությունը ստարտափների կայունության, նորարարական ներուժի և էկոհամակարգի հասունության վրա էական է լինելու։

«Այս ծրագրի միջոցով մենք նպաստում ենք հայկական ստարտափների զարգացմանը առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և ֆինանսական ծառայությունների ոլորտները», ավելացրեց EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլեն Շմիտը։

Նա ընդգծեց, որ «մեր առաջնահերթությունն է ստարտափներին ապահովել անհրաժեշտ գործիքներով, մենթորությամբ և միջազգային կապերով՝ նպաստելով նրանց կայուն զարգացմանը և էկոհամակարգի աճին»։ Նրա խոսքով՝ Եվրոպայի առաջատար գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հայկական ինկուբացիոն ծրագրերի հնարավորությունների ընդլայնումը կնպաստի ստարտափների միջազգային շուկաներին հասանելիության բարձրացմանը։

Ծրագրում նախատեսված է նաև համագործակցություն եվրոպական գործընկերների և տեղական էկոհամակարգի դերակատարների հետ՝ փորձի փոխանակման, ԵՄ ստանդարտներին համապատասխանեցման և միջազգային կապերի ընդլայնման նպատակով։ Բացի այդ, կտրամադրվի հետինկուբացիոն աջակցություն, որը նպատակ ունի ապահովել ստարտափների անցումը աքսելերատոր ծրագրերի, ներդրումների ներգրավման կամ ռազմավարական գործընկերությունների ձևավորման փուլ։

Ծրագրին դիմել հնարավոր է մինչև 2026 թվականի մարտի 23-ը։ Call for Project Proposals: Incubation Programmes in Armenia – EU4Innovation East

EU4Innovation East-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագիր է, որը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից և իրականացվում է Expertise France-ի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ստարտափ էկոհամակարգերի մրցունակությունը Արևելյան գործընկերության հինգ երկրներում։

Leave a Comment