Փետրվարի 1-ից Հայաստանի զինված ուժերում այլևս չի գործելու հոգևոր ծառայությունը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության, գնդերեցների գործունեությունը», – նշել է նա։
Պաշտպանության նախարարության կայքէջում նման հրաման գտնել չհաջողվեց: Գերատեսչությունը դեռևս հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ:
Մանուկյանը հիշեցրել է, որ գնդերեցները դեռ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ են եղել զինվորների կողքին:
«Հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է, իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ, գնդերեցները պետք է դառնան զինվորականներ», – նշել է նա՝ հավելելով, որ վերջին շրջանում գնդերեցների գործունեության վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ կային:
Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
«Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից», – նշել է նա սոցցանցում։
Մամուլը հունվարի 20-ին, հղում անելով Պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, գրել էր, որ գերատեսչության ղեկավարությունն ու բարձրաստիճան զինվորականները ճնշում են գործադրում բանակի գնդերեցների վրա՝ նրանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավում ներգրավելու փորձ կատարելով: ՊՆ-ն հերքել էր հրապարակումը:
Տարբեր հոգևորականներ «Ազատություն» ռ/կ-ին պատմել էին, որ ՝ հրամանատարները ճնշում են գնդերեցներին, փորձում ներքաշել եկեղեցու «բարենորոգման արհեստական շարժման մեջ»:
