Մայքրոսոֆթի «2025-ին ԱԲ-ի կիրառման զեկույցից» պարզ է դառնում, որ արհեստական բանականության (ԱԲ)-ի կիրառման ոլորտում գնալով աճում է անջրպետը զարգացած և մյուս երկրների միջև: ԱԲ-ի ոլորտում հիմնական ներդրումներ կատարողները ևս զարգացած երկրներն են, որոնց մոտ էլ գտնվում են 60 000-ից ավելի ԱԲ գործիքների կիրառումն ապահովող տվյալների կենտրոնների 60%-ից ավելին:
Այս տվյալները ներկայացրել է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը` ակադեմիայի ԱԲ գրագիտության շարժմանը միացած մասնակիցների և գործընկերների առաջին համայնքային հանդիպման ընթացքում, որը կայացավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Ռեբեկա Հակոբյանի խոսքով` ստացվում է, որ զարգացող երկրները զարգացածների համար պարզապես հումքի` տվյալների մատակարար են` ավելի զորացնելով նրանց։ Հայաստանն այս սանդղակում առայժմ միջին դիրքերում է. «Եթե մենք հիմա առավել ուշադիր լինենք, կարող ենք թռիչքային աճ ապահովել, գտնել մեր յուրահատուկ տեղն ու այդ ուղղությամբ զարգանալ։ Բայց եթե հապաղենք ու անհատական, համայնքային և հաստատությունների մակարդակով այդ տրանսֆորմացիան արագ չանենք, կարող ենք կորցնել պահը ու հետընթաց ապրել»:

«ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանն էլ հավաստիացնում է` Հայաստանն այս ոլորտում մեծ հեռանկարներ ունի: Ավելին, ԱԲ յուրացումը կարող է շեշտակի ազդեցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման առումով. «ԱԲ կիրառությունը 5-10 անգամ բարձրացնում է յուրաքանչյուր մարդու արդյունավետությունը։ Այսինքն, եթե 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի ժողովուրդը բարձր ԱԲ գրագիտություն ունի, ապա կարող է 10-15 միլիոնից ավելի բնակչությամբ երկրի արժեք ստեղծել, քանի որ ՀՆԱ-ի վրա ԱԲ-ի օգտագործումն ուղիղ ազդեցություն է ունենալու»:

Միջոցառման շրջանակում կայացավ նաև պանելային քննարկում, որի մասնակիցներն այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում ԱԲ-ի հետ համընթաց քայլելու առումով կարևորեցին հետաքրքրասեր լինելը, հստակ նպատակներ սահմանելը, ինչպես նաև ԱԲ-ի զարգացմանը համընթաց գործելը` այն դարձնելով գործընկեր, բայց երբեք ոչ ղեկավար:
«Ես երբեք կուրորեն չեմ անի այն, ինչ ԱԲ-ն ասում է, որովհետև այն չունի նպատակ։ ԱԲ-ի նպատակները մենք ենք սահմանում, և դա հեշտ գործ չի: Բոլորիս անհրաժեշտ է նպատակ սահմանելու հմտություններ ձեռք բերել»,- քննարկմանը նշեց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյանը:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ կիսվեց աշխատակիցներին ինքնազարգացման հնարավորութուն ընձեռելու և մոտիվացնելու իրենց փորձով: Բացի դասընթացները հասանելի և շարունակական դարձնելուց, նրա խոսքով, կազմակերպության պարագայում կարևոր մոտիվացնող գործոն է դառնում աշխատանքի արդյունավետության բարձրացումը. «Երբ կողքիդ նստած մարդը մի գործ մի քանի վայրկյանում է անում, իսկ դու տանջվում ես ու անգամ աշխատում արտաժամյա, դա շատ պարզ ցուցիչ է: Ու բոլորը սկսում են հարցնել` ինչպե՞ս ես անում, ինձ էլ սովորեցրու»:

«ռեԱրմենիա» ակադեմիան հավակնոտ և պատասխանատու նպատակ է իր առջև սահմանել. մինչև 2030 թվականն ավելի քան մեկ միլիոն հայի AI կարողություններով զորացնելու և հայկական կրթական ու տրանսֆորմացիոն մոդելներն աշխարհ արտահանելու առաքելությամբ ակադեմիան դիրքավորում է Հայաստանը որպես մարդակենտրոն AI կարողությունների զարգացման և նորարարության տարածաշրջանային կենտրոն։ 2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9,000 անձանց Հայաստանից և Սփյուռքից:
«ռեԱրմենիա» ակադեմիայի նպատակն է ԱԲ ոլորտում Հայաստանի վերափոխման մեջ ներդրում ունենալ 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
92 դիտում