ՀՀ և ՌԴ փրկարարները հրդեհաշիջման և տարհանման համատեղ վարժանքներ են անցկացրել

ՀՀ և ՌԴ փրկարարները հրդեհաշիջման և տարհանման համատեղ վարժանքներ են անցկացրել

30 հունվարի 2026 – 17:42 AMT

PanARMENIAN.Net – Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նյութատեխնիկական բազայի տարածքում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մերձակայքում, իրականացվել են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համատեղ վարժանքներ։ Վարժանքներին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության տեղակալ, Փրկարար ծառայության պետ Արամ Ղազարյանը և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն։

ՀՀ և ՌԴ փրկարարական ստորաբաժանումները մշակել են գործողություններ՝ պայմանական վթարի պայմաններում՝ քիմիապես վտանգավոր օբյեկտում և նավթարդյունաբերական ձեռնարկությունում։ Դիտարկվել է նաև տուժածների տարհանումը բարձրահարկ շենքերից և ենթադրաբար ավերված կառույցներից, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարժանքների շրջանակում անդրադարձ է եղել նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին և մարդկանց արգելափակման դեպքերին՝ կիրառելով հատուկ տեխնիկա։

ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն լրագրողների հետ զրույցում բարձր է գնահատել վարժանքների անցկացման վայրը՝ նշելով, որ այն նպաստում է հրշեջների և փրկարարների գործնական կարողությունների զարգացմանը։

«Ինձ ամեն ինչ դուր եկավ։ Բայց կատարելագործումը, իհարկե, սահմաններ չի ճանաչում՝ պետք է զարգանալ, առաջ շարժվել։ Գիտատեխնիկական առաջընթացը անընդհատ է, և մենք հետագայում պլանավորելու ենք միջոցառումներ՝ կապված Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրոնի զարգացման հետ», – ասել է Բուտկոն։

Բուտկոն հավելել է, որ խոսքը վերաբերում է կանխարգելիչ գործիքակազմի ու ռիսկերի մոնիթորինգի բարելավմանը՝ ներառյալ 3D մոդելավորում և անօդաչու թռչող սարքերի կիրառում։

«Որքան էլ դա ծամծմված հնչի, բայց ավելի լավ է կանխել տարերային աղետների հետևանքների վերացման արտակարգ իրավիճակների հետ կապված հնարավոր ռիսկերը, քան դրանց արձագանքել հետո», – ասել է նա։

Հայաստանի Փրկարար ծառայության պետ Արամ Ղազարյանը շեշտել է մասնագիտական ու տեխնիկական կարողությունների շարունակական զարգացման կարևորը՝ ընդգծելով, որ նախորդ օրը ՌԴ պատվիրակության հետ քննարկվել են հենց հայ մասնագետների տեխնիկական համալրման և վերապատրաստման հարցերը։

«Առկա հնարավորությունները թույլ են տալիս արդյունավետորեն հակազդել բազմաթիվ մարտահրավերների։ Բայց նյութական պայմանները և անձնակազմի հմտությունները պետք է մշտապես կատարելագործվեն», – ասel 1 Ղազարյանը։

Վարժանքների ավարտին ցուցադրվել է ռուսական ժամանակակից հրշեջ-փրկարարական տեխնիկան ու սարքավորումները։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հիմնվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Կենտրոնին վերապահված է մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին, աջակցել երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի և հրդեհների հետևանքների վերացմանը, մարդասիրական օգնության տրամադրմանը, ինչպես նաև՝ ազգային արտակարգ ծառայությունների աշխատակիցների վերապատրաստմանը։ Այն տեղակայված է Գետարգել ավանում՝ ԽՍՀՄ զինված ուժերի նախկին կապի բազայի տարածքում։

Leave a Comment