30 հունվարի 2026 – 16:41 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ Լինդան պատմել էր, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։
«Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին», – ասել է Էուլջեքչյանի կինը։
Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։ Լինդան հավելեց, որ այժմ առաջնահերթությունը սրտի վիճակն է և հանգիստ միջավայրի ապահովումը։
Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների խնդրին է արձագանքել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ հայրենիք վերադարձածները գտնվում են պատկան մարմինների վերահսկողության ներքո, հայտնում է «Փաստինֆոն»:
Նա հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել և նա հիմա վերականգնման փուլ է անցնում։
«Նրանք մշտապես մեր դիտարկման տակ են։ Անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կոմղից և կազմակերպվում է մեր կողմից»,- ասել է Ավանեսյանը` հավելելով, որ առիթ լինելու դեպքում կայցելի նրանց։
Հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Շուշի տանող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին՝ նա տարեց անձ է, որը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից մեկնել է Հայաստան՝ բուժման նպատակով։ 2025-ի դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Բաքվի բանտում նրա առողջական վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։