«Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք, քննարկում էինք և այնտեղ՝ միտք ծագեց՝ քանի որ երգելու, նվագելու շնորհք չունեմ, ապա ինչու ոչ՝ պարի մի համար դնենք և իմ նախաձեռնությունն էր երիտասարդներն էլ սիրով միացան և միասին նման բան ենք նախաձեռնել»,-Աժ-ում լրագրողներին ասաց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պարելու դրվագով համացանցում տարածված տեսանյութը սեփական նախաձեռնությամբ է, թե՝ երաժշտության հեղինակ Նիկոլ Փաշինյանի։
Նախարարն ասաց, որ այդ պարն ընդամենը մեկ օր է բեմադրվելու։
Արձագանքելով դիտարկմանը, թե պատասխանատու պաշտոն զբաղեցնողը ժամանակ ունի պարելու՝ Ավանեսյանն ասաց. «Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում և երբեմն պարում եմ աշխատանքային ժամերից դուրս՝ երեկոյան։ Երկար բարդ, ծանր աշխատանքի հետ միասին մարդը պետք է ունենա նաև այլ հետաքրքրություններ՝ գիրք կարդա, պարի, երգի, շփվի, որպեսզի կարողանա իր հոգեկան առողջությունը պահպանի։
Նա չբացառեց, որ ՔՊ-ի խմբակցության մյուս կին նախարարները և պատգամավորները միանան իր պարին։
Ավանեսյանը հայտնեց, որ այլ ոլորտներում աշխատելու փորձ ունի և կարող է նախարարաից բացի այլ գործունեությամբ զբաղվել, բայց համոզմունք հայտնեց, որ այն 2026 թվականին չի լինի, որովհետև ՔՊ-ն վստահաբար հաղթանակ է տանելու։
Պատասխանելով «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին և անվասայլակով տեղաշարժվելու մասին հարցին՝ ՀՀ առողջապահության նախարարն ասաց.
«Պարոն Սամսոնյանն իր անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանում է. ավելացնելու բան չունեմ, որովհետև այն իր բժշկական գաղտնիքն է, կուզի՝ ինքը կհայտարարի»։