Ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, թերապևտի մոտ, հետո գնալ նեղ մասնագետի մոտ․ Ավանեսյան

Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդություն, ապա առողջության ապահովագրության փոխհատուցումից օգտվելու համար կարիք չկա ամեն անգամ այցելել թերապևտի, այդ դեպքում հսկողությունն իրականացնում է նեղ մասնագետը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդություն և մինչև ապահովագրությունն ունեցել է նեղ մասնագետ որևէ հիվանդանոցում, ապա այսուհետ պետք է առաջինն այցելի թերապևտի՞:

 

«Ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, թերապևտի մոտ, հետո գնալ նեղ մասնագետի մոտ: Շատ մարդիկ շփոթել էին: Եթե ախտորոշումը դրված է, և նա ունի քրոնիկ վիճակ, նրա հսկողությունը, վարումը իրականացնում է նեղ մասնագետը: Բայց ախտորոշման համար առաջինը պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ եթե քաղաքացու բժիշկն աշխատում է այն բժշկական կենտրոնում, որն ունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ, ապա պետությունը կփոխհատուցի: Նախարարը հավելեց, որ ՀՀ բժշկական կենտրոնների 90 տոկոսը համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող:  

«Այստեղ էլ ունենք սահմանաչափեր: Ապահովագրական հիմնադրամը տարեկան փոխհատուցում է ամեն նեղ մասնագետի 2 խորհրդատվություն»,-նշեց նախարարը:

 

Leave a Comment