Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել առողջության համընդհանուր ապահովագրությունից։
«Առողջության ապահովագրության համակարգը բարդ, բազմաշերտ և ՀՀ քաղաքացիներին վերաբերվող բարեփոխում է, և այս բարեփոխման ներդրումը դինամիկ գործընթաց է։ Այն երեք տարվա ընթացքում ամբողջությամբ կներդրվի, և այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, ինչը ամենակարևորն է»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ պետությունը միջոցներ է ներդնում մարդկային կապիտալը զարգացնելու համար. «Այցերի թիվը արդեն իսկ հատել է 250 հազար, և մենք հրապարակում ենք այցերի թիվը, որի մեջ ներառվում են տարատեսակ հարցեր, և մեկ մարդը կարող է մի քանի այցի շրջանակներում սպասարկում ստանալ»։
Նախարարը նաև մանրամասնել է, թե ինչպես կարող են քաղաքացիներն օգտվել ապահովագրությունից։
«Նախ պետք է քաղաքացին պարզաբանի իր կարգավիճակը՝ արդյոք նա ապահովագրված է, այսինքն՝ օրենքով սահմանված 2026 թվականի որևէ խմբի մեջ է մտնում, թե ոչ»։
Ըստ Ավանեսյանի՝ «մարդն ունի որոշակի գանգատներ։ Այս պարագայում պետք է տարբերակենք երկու դեպք՝ եթե դա անհետաձգելի բուժօգնություն է, դիմում ենք շտապօգնության կամ հիվանդանոց, և այստեղ ապահովագրական փաթեթի մեջ ներառված ծառայությունները գործարկվում են։ Եթե մարդը շտապօգնության կամ հրատապ օգնության կարիք չունի, գնում է պլանային՝ իր պոլիկլինիկա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ, և հենց այս անձինք են, որ ուղղորդում են անձին բուժօգնության ճիշտ ձևաչափով»։
Նախարարը կարևորել է Արմեդ համակարգում տեսնելը, թե որ բուժկենտրոններում են տրամադրվում այդ ծառայությունները։
Ինչ վերաբերում է սմարթֆոն չունեցող քաղաքացիներին, Ավանեսյանը նշել է. «Պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է Արմեդի տեսանելի դաշտերը, և այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում՝ ներկայացնելով բուժառուին։ Այստեղ էլ որևէ խնդիր չկա, եթե մարդը սմարթֆոն չունի, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից օգտվելու խնդիր կունենա»։
Նախարարը հավելել է, որ եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել Արմեդ հավելվածը կամ չի տվել համաձայնությունը, բայց շտապօգնության միջոցով ընկել է հիվանդանոց, դա խոչընդոտ չէ իրավունքն իրացնելու համար։ «Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակում հաստատումը կիրականացվի, և նա կստանա իր բուժօգնությունը»։
Ըստ Ավանեսյանի՝ ընդհանուր ապահովագրական փաթեթի համար տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի համար սահմանափակում չի սահմանվում։ Չկա նաև ընդհանուր քանակային շեմ ծառայություններ ստանալու համար, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ծառայության համար նախատեսված է առանձին շեմ։
