Քաղաքացիներն ԱՐՄԵԴ-ում առողջության համընդհանուր ապահովագրությունը կարող են հաստատել ինչպես համապատասխան հավելվածով, այնպես էլ պոլիկլինիկայի իրենց բժշկի օգնությամբ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՐՄԵԴ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը հայտարարեց, որ ապահովագրվող անձանց կամ բուժառուների համար ԱՐՄԵԴ հավելված ունենալու, դրանից օգտվելու պարտադիր պահանջ չկա, այն պարզապես լրացուցիչ հարմարություն է, օրինակ՝ տնից իրենց հեռախոսի միջոցով հաստատելու ապահովագրությունը։
«Ընդամենը հարմարության հարց է։ Եթե խոսքը գնում է, օրինակ, հաստատելու, վկայագիր ստանալու մասին, դա քաղաքացին կարող է անել ինչպես ինքնուրույն՝ ԱՐՄԵԴ հավելվածով, այնպես էլ կարող է անել բժիշկը՝ իր անունից»,-մանրամասնեց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է ԱՐՄԵԴ-ում գրանցվելուն, ապա տնօրենը պարզաբանեց, որ համակարգում ինքնաշխատ կերպով ընդգրկված են բնակչության պետական ռեգիստրում գտնվող բոլոր քաղաքացիները։
Նրա խոսքով՝ ԱՐՄԵԴ համակարգը հիմնվում և ինքնաշխատ օգտվում է պետական էլեկտրոնային բազաներում քաղաքացու մասին տեղեկություններից, այդ թվում՝ ապահովագրության կարգավիճակի փոփոխության առումով։
Մանուկյանը տեղեկացրեց, որ համընդհանուր ապահովագրության ներդրման մեկնարկից հետո մեծաթիվ քաղաքացիներ են մուտք գործել համակարգ՝ ապահովագրության իրենց կարգավիճակը ստուգելու համար։