ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել ՀՀ դիմակայունությանը. ԵՄ-ն՝ 20 մլն եվրո աջակցության մասին


Եվրամիության խորհուրդն ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշում։ Խորհրդի հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա:


«Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային, այդ թվում ԵՄ կողմից իրականացվող առաքելություններին հնարավոր մասնակցության դեպքում»,- ասվում է հայտարարությունում։


Ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է․


«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ գործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»:


Հիշեցնենք, Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն Հունգարիան արգելափակել էր այն: Երկրի արտգործնախարարը հայտարարել էր, թե Բուդապեշտը դեմ չէ, որ Հայաստանին աջակցություն տրամադրվի, պայմանով, որ նույնչափ օգնություն ստանա նաև Ադրբեջանը։ Բանակցություններից հետո Հունգարիան փոխել է դիրքորոշումը։ Արձագանքելով ընդունված որոշմանը՝ Հայաստանի արտգործնախարարությունից նշել են, որ սա, ըստ էության դեկտեմբերին ձեդռք բերված քաղաքական համաձայնության՝ կոնսենսուսի ֆորմալ արձանագրումն է:

Դիտումների քանակ7

Leave a Comment