Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը. ԶԼՄ

Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով, ինչը, «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ, վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։

Աբրահամյանը հիմա ազատության մեջ է։

Գործարարի փաստաբան Կարեն Տոնոյանը չի հերքել, որ Նալբանդյանն է վճարել այդ գումարը։

«Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ «Հետքի» հետ հարցազրույցում նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է Հովիկ Աբրահամյանի գրավի գումարը»,- «Հետքին» ասել է փաստաբանը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործով արգելանք էր դրվել Աբրահամյանների առանձնատան վրա, սակայն ՀՔԾ քննիչը արգելանքը հանել էր, որից հետո Աբրահամյանները կարողացել էին տունը վաճառել «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025թ. հունիսի 13-ին ձերբակալել էր Աբրահամյանին։ ԱԺ նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:

Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրել էր, որ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք։

Leave a Comment