Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է մի նոր մոլորակ, որն իր չափերով շատ նման է Երկրին, իսկ բնակլիմայական պայմաններով հիշեցնում է Մարսին։ Այս մասին գրում է The Guardian-ը։
HD 137010 b անվանումը ստացած այս երկնային մարմինը գտնվում է մեզնից մոտ 146 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է արևանման աստղի շուրջ։
Հետազոտողների խոսքով՝ այս մոլորակը Երկրից ընդամենը 6 տոկոսով է մեծ և իր աստղի շուրջը մեկ ամբողջական պտույտ է կատարում 355 օրում, ինչը շատ մոտ է երկրային տարվան։ Թեև գիտնականները կարծում են, որ մոլորակը 50 տոկոս հավանականությամբ գտնվում է «կյանքի համար պիտանի գոտում», այնտեղ բավականին ցուրտ է։ Քանի որ նրա աստղը մեր Արեգակից ավելի թույլ է ու սառը, մոլորակի մակերևույթին ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -70 աստիճան։
Ավստրալիայի Հարավային Քվինսլենդի համալսարանի հետազոտող Չելսի Հուանգը նշում է, որ սա բացառիկ գտածո է, քանի որ նոր մոլորակը շատ ավելի մոտ է մեզ և ավելի պայծառ է, քան նախկինում հայտնաբերված նմանատիպ այլ մոլորակները։ Սա թույլ կտա, որ ապագա հզոր աստղադիտակները կարողանան մանրամասն ուսումնասիրել դրա մակերևույթն ու մթնոլորտը։
