Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ծառայողների դեմ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու պատճառով հարուցված քրեական գործը նպատակ ունի խանգարել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ դրա մասնակիցների համար բացակայելու արգելք սահմանելով, հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասով դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։
Փաստաբանը նշել է, որ իշխանությունների գործողություններից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշել է Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել արտասահմանում, քանի որ ժողովի ազատ անցկացումը Հայաստանում երաշխավորված չէր։ Դրանից հետո իշխանությանն աջակցող 10 եպիսկոպոսներ դեմ էին արտահայտվել ժողովի տեղը փոխելու որոշմանը։ Մելիքյանի խոսքով՝ այս գործը արագորեն ի հայտ է եկել «հետաքրքիր զուգադիպությամբ»։
«Սա հատուկ ուղերձ է, որի նպատակը բացառապես Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու համար, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ», – ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ իշխանությունները փորձում են խոչընդոտել Հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությանը, մասնավորապես՝ Եպիսկոպոսաց ժողովի գումարմանը:
Նա բացատրել է, որ բացակայելու արգելք սահմանելու հնարավորությունը պայմանավորված է նրանով, որ գործը վերաբերում է ոչ մեծ ծանրության արարքի, որի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում, իսկ եթե այն կատարվում է առաջին անգամ՝ կիրառվում են այլընտրանքային պատժատեսակներ: Մելիքյանը որպես գործի մաս նշել է Էջմիածնի Մայր Աթոռում խուզարկություններ անցկացնելու հնարավորությունը:
Փաստաբանի խոսքով՝ գործը նաև հիմք է հանդիսանում կաթողիկոսի դեմ մեղադրանք առաջադրելու համար: Նշելով, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը չի կարող բողոքարկվել դատարանում, փաստաբանը ընդգծել է, որ իշխանությունների գործողություններն ուղղակի միջամտություն են եկեղեցու գործերին:
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Ավելի ուշ՝ հունվարի 21-ին, Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները կոչ էին արել չեղարկել ժողովը՝ նշելով, որ Ավստրիայում դրա անցկացումը «երկպառակություն է սերմանում» և «վարկաբեկում» է Եկեղեցուն։
