ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին՝ մեկ շաբաթով չհարվածել Կիևին։
«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել կրակը Կիևի և այլ քաղաքների վրա։ Եվ նա համաձայնել է դա անել։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ դա շատ գոհացնող էր», – մեջբերում է Թրամփի խոսքերը «Կոմերսանտը»։ Նախագահը նաև նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։
Ինչպես ավելի ուշ հաղորդել է ուկրաինական «Ստրանա» հրատարակության Telegram ալիքը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ կողմերը ԱՄԷ-ում կայացած բանակցություններում համաձայնության են եկել «էներգետիկ հրադադարի» շուրջ։ Զելենսկին նշել է, որ այն ուժի մեջ կմտնի այսօր երեկոյան։
Հունվարի 23-24-ը ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան բանակցություններ էին անցկացրել Աբու Դաբիում։ Բանակցություններից հետո Սպիտակ տունը դրանք հայտարարել էր ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման համար բացառիկ կարևոր նշանակություն ունեցող։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ կողմերը քննարկել են Դոնբասի, Զապորոժյեի ատոմակայանի թեման, ինչպես նաև հակամարտության ավարտից հետո անհրաժեշտ դեէսկալացիայի միջոցառումները։
