Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը


ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունվարի 29-ին ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և ընդգծել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարևորությունը։


Արամ Ղազարյանի խոսքով՝ վերջին տասը տարիների ընթացքում կենտրոնն իր առջև դրված խնդիրները լուծել է պատասխանատվությամբ և օպերատիվ արձագանքման հանձնառությամբ։


 


ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված մոտեցումներ բնակչության պաշտպանության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հումանիտար օգնության տրամադրման համատեքստում։


 


Արամ Ղազարյանը վստահեցրել է նաև, որ ՆԳ նախարարությունը հետագայում ևս պատրաստ է գործադրել առավելագույն ջանքեր, որոնք կնպաստեն համագործակցության ամրապնդմանը։


Վյաչեսլավ Բուտկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։


 


ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը շեշտել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում առանձնահատուկ դեր ունի Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, որն իրեն դրսևորել է որպես արդյունավետ և, ամենակարևորը, պահանջված հարթակ։


 


Երկուստեք վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը, մասնավորապես, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման համատեքստում։


 


Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրել է կենտրոնի 2025 թվականի գործունեությունը և ընթացիկ տարվա աշխատանքի առաջնահերթությունները։


 


Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն նաև ծաղիկներ են խոնարհել Փրկության նվիրյալների պատվո հուշարձանին։

Դիտումների քանակ29

Leave a Comment