Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները, հարցազրույցները, հրապարակային ելույթները մի առանձնահատկություն ունեն. ամեն անգամ նա ոչ ստանդարտ բառապաշար է գործածում, արտահայտություններ է անում, որոնք, մեղմ ասած, հարիր չեն քաղաքական գործիչներին, առավել ևս, երբ նրանք երկիր են ղեկավարել ու դեռ նման հայտ են ներկայացնում։ Առավել ևս, երբ այդպես ոտնահարվում է հայոց լեզուն, գործածվում ոչ բարեկիրթ բառապաշար, համեմված ռուսերեն արտահայտություններով։
Ընդ որում, այս գործելաոճը սովորական է դարձել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերայի ողջ ընթացքում՝ և նախագահ աշխատած տարիներին, և որպես ընդդիմադիր գործիչ։
Զուտ հումորային առումով կամ որպես լրատվական նյութերի համար վերնագիր, գուցե, նման բաների կարելի է սպասել, զվարճանալ անգամ։ Բայց միայն այսքանը։
Իսկ պետական գործչից, սովորաբար, մի փոքր այլ բան է պետք ակնկալել՝ ավելի ծանրակշիռ, ավելի լուրջ խոսք։
Քոչարյանի դեպքում ընդհակառակն է։ Այսօրվա ասուլիսն էլ բացառություն չէր. կրկին իրեն բնորոշ արտահայտությունները. «Իրեն երևի համարում է Քրիստոսի զապասկեն», «ուդառնիկություն անելով փորձում է որոշակի ազդեցություն ունենալ», «Քյորփա հալովդ ինչ ես մտնում էդ հարաբերությունների արանքը, թե Մակրոնին ինչ-որ դուր գա, Մակրոնը համբուրի», «Ես կապիկություն չեմ անելու», «Մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարձել, տժժում էր, հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում», և այսպես շարունակ։
Իհարկե, «գոտկատեղից ներքև փափուկ մասերի», «տռուսիկի», «քամակի» կամ «կլիզմաների» համեմատ այս անգամ, կարելի է ասել, ասուլիսը մի փոքր ավելի բարեկիրթ ստացվեց։ Բայց, համաձայնվեք, այնուամենայնիվ, մի բան այն չէ։
Իսկ այժմ Քոչարյանի ասուլիսի մի երկու հետաքրքիր դրվագի մասին։ Հիշո՞ւմ եք, երբ 2007թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին՝ կոշտ քննադատելով այն ժամանակվա իշխանությանը, Ռոբերտ Քոչարյանը շտապել էր հակադարձել. «Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` այս ամենից բխող հետևանքներով: Եվ ստիպված շատ և շատ բաներ հիշեցնելու ենք»։
Եւ երբ Քոչարյանին ասուլիսի ժամանակ հիշեցրել էինք իր խոսքերը, ու որ արդեն երկրորդ անգամ է մտնում ընտրապայքարի մեջ, խոստովանեց, որ ինքը շարքային ընդդիմադիր է. «Բայց ես արտոնվա՞ծ ընդդիմադիր եմ։ Շարքային ընդդիմադիր եմ։ Տվյալ դեպքում՝ շարքային եմ, թե շարքային չեմ, կախված է նրանից, թե տվյալ քաղաքական ուժը քո առաջնորդությունն ընդունում է, թե չի ընդունում»։
Ինչպես դասականը կասեր, «իյա, իրո՞ք»։ Բա 2008 թվականին էլ ոչ միայն ՀՀՇ-ն, այլև ընդդիմադիր դաշտի բոլոր ազդեցիկ կուսակցությունները՝ ՀԺԿ-ն, «Հանրապետությունը» և մյուսները ընդդիմադիր էին Տեր-Պետրոսյանի առաջնորդությունը, և առաջադրեցին նախագահի թեկնածու։ Ընդ որում, ի տարբերություն ցայսօր անկուսակցական, բայց ՀՅԴ-ի միջոցով ընտրություններին մասնակցող Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական ուժն ուներ, որտեղ աներկբա ընդունում էին նրա առաջնորդությունը, նաև՝ այլ կուսակցություններ ևս ընդունում էին առաջին նախագահին։
Ինչ վերաբերում է երկրորդ կարևոր դրվագին, ապա տպավորություն է, թե նա ստիպողաբար է քաղաքականության մեջ, իր կամքին հակառակ։
Ընտրություններին ցուցակ գլխավորելու մասին հարցին ի պատասխան ասել է. «Եթե սոցհարցումը ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերողը, ուրեմն ես եմ, ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ՝ մեծ բեռից կազատվեի»:
«Իմ կյանքի ամենից երջանիկ տարիները եղել են 2008-2018 թվականները՝ ազատ մարդ, աշխատել եմ հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել և պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա մի ուրիշ հաճույք է»։
Իսկապես, համաձայնվեք, որ Քոչարյանն աննախանձելի վիճակում է հայտնվել։ Նա չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, ուրախ կլիներ, որ ազատվեր մեծ բեռից, երջանիկ տարիներ ապրել, բայց ոչ՝ մտել է քաղաքականություն, կամ մտցրել են, ու ստիպված է ծանր լուծն առաջ տանել։ Հանուն ինչի՞։ Պարզ չէ։ Ենթադրություններ չենք անի։ Թող ամեն մեկն ինքն իր հետևություններն անի։
Մինչ այդ, իրավապաշտպան կառույցները, հատկապես, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վայելողներն, այս հարցում լուրջ անելիք ունեն։ Ի վերջո, չպետք է թույլ տալ մարդու խոշտանգումն ու իր կամքին հակառակ գործողությունների ստիպելը։ Դե հիմա, ի՞նչ անենք, որ նա իրեն համարում է ամենալավ ճգնաժամեր լուծողը։ Առավել ևս, երբ այդ ճգնաժամի ստեղծման հարցում Քոչարյանն էլ որոշակի անուրանալի ներդրում է ունեցել։
Հայտնի ֆիլմերից մեկի հերոսը՝ Օստապ Բենդերը իր կյանքից դժգոհող Պանիկովսկուն մի խորհուրդ էր տալիս դիմել սեռական ռեֆորմների լիգա։ Իսկ մինչ այդ, ինչպես ասվում էր մեկ այլ հայտնի ֆիլմում. «Ազատություն Յուրի Դետոչկինին»։
Արման Գալոյան
