ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ուղղված տարբերակներ, որոնք ներառում են անվտանգության ուժերին և առաջնորդներին թիրախային հարվածներ հասցնելը՝ ցուցարարներին ներշնչելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ քննարկումներին ծանոթ երկու ամերիկյան աղբյուրներ նշել են, որ Թրամփը ցանկանում է պայմաններ ստեղծել «ռեժիմի փոփոխության» համար։ Աղբյուներն ասել են, որ դրա համար նա դիտարկում է տարբերակներ՝ հարվածելու այն հրամանատարներին և հաստատություններին, որոնք Վաշինգտոնը պատասխանատու է համարում բռնության համար։ Ըստ աղբյուրների՝ դա արվում է, որպեսզի ցուցարարներին վստահություն ներշնչի, որ նրանք կարող են գրավել կառավարական և անվտանգության շենքերը:
Նաև նշվում է, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել գործողությունների ընթացքի վերաբերյալ, այդ թվում՝ ռազմական ուղին ընտրել-չընտրելու վերաբերյալ:
Ամերիկյան աղբյուրը հայտնել է, որ Թրամփի օգնականների կողմից քննարկվող տարբերակները ներառում են նաև երկարատև ազդեցությամբ շատ ավելի խոշոր հարված, հնարավոր է՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցներին հասնող բալիստիկ հրթիռների կամ նրա միջուկային հարստացման ծրագրերի դեմ: Իրանը չի ցանկացել բանակցել հրթիռների սահմանափակումների շուրջ, ինչը նա համարում է Իսրայելի դեմ իր միակ զսպման միջոցը, ասել է աղբյուրը:
Թրամփը հունվարի 28-ին կոչ էր արել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գալ միջուկային զենքի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած ապագա հարձակում «շատ ավելի վատ» կլինի, քան հունիսյան ռմբակոծությունը երեք միջուկային օբյեկտների դեմ։ Նա տարածաշրջանում գտնվող նավերը նկարագրել է որպես «նավատորմ», որը նավարկում է դեպի Իրան։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Իրանը «պատրաստվում է ռազմական բախման՝ միաժամանակ օգտագործելով դիվանագիտական ուղիները»։
