Այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի քան երեք ժամ տևած ասուլիսն անցավ բավականին հագեցած, հետաքրքիր, գնահատականները, ձևակերպումները՝ թե’ ներքին, թե’ Հայաստանի արտաքին, թե՛ միջազգային քաղաքականությունը ներկայացնելիս խորքային էին, լավ ուսումնասիրված և ամենից կարևորը՝ պրագմատիկ։ Առաջիկա մի քանի թողարկումներում նախագահ Քոչարյանի ասուլիսի որոշ դրույթներ կփորձենք բացել՝ Արցախի ու փախստականների իրավունքների, պաշտպանության, տնտեսության ու սոցիալական վիճակի, քաղաքական դաշտի մասով։ Այժմ ընդհանուր անդրադառնամ մի քանի թեմայի։
Ժամանակից աշխարհը մեր աչքի առաջ փոխվում է բավականին արագ, տեղի են ունենում վերադասավորումներ, ազդեցության գոտիների բաժանումներ, փոփոխություններ, և Հայաստանի նման փոքր պետությունները պետք է կարողանան այդ աշխարհում այնպիսի տեղ զբաղեցնել, որ կորուստներով դուրս չգան, առաջին հերթին անվտանգային, ապա տնտեսական և այլ առումներով վտանգ չստեղծեն իրենց համար։ Եվ այդ առումով Հայաստանի իշխանության քաղաքականությունը երկրորդ նախագահը համարում է խիստ անհասկանալի և առնվազն այդ տեսանկյունից անընդունելի։
Օրինակ` ԱՄՆ-ի նման պետությունն անգամ հիմա փորձում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություն ունենալ։ Իսկ Եվրոպան ապրում է իր ամենածանր ժամանակները և միանշանակ է, որ չի կարողանալու առանց ազդեցության կորուստների դուրս գալ։ Համաձայն երկրորդ նախագահի՝ այս խառը իրավիճակում Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվի, ճիշտ քաղաքականություն վարի, ամեն ինչ անի, որ չդառնա գերպետությունների շահերի բախման կետ։
Երկրորդ նախագահը նշում է, թե ինչպես Վրաստանը Սահակաշվիլիի ժամանակ փորձեց խաղալ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հակասությունների վրա, ստացավ պատերազմ և տարածքային կորուստներ, Ուկրաինան փորձեց խաղալ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի շահերի բախման վրա ստացավ պատերազմ և տարածքային կորուստներ։ Հայաստանը 2020-ից սկսեց կորուստները՝ էլի իշխանության արկածախնդրության պատճառով, և շարունակվում է մինչ հիչմա։ Եվրամիությունը, որ ամեն ինչ արեց Ուկրաինայում պատերազմի դադար թույլ չտալու համար, հրահրեց, Զելինսկուն համոզեց, ընդհուպ ասում էին՝ դու հաղթած ես արդեն, զենք կտանք, փող կտանք, ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը այսօր հայտարարում է՝ Կիևը կարող է շատ լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ Ուկրաինային մնացած հատվածում խաղաղության համար, անվտանգության երաշխիքների համար։ Էն որ մնում է ասեն` դե մալադեց։ Հայաստանի պարագայում, էլի նույն Եվրոպան նսtեց սրանց ականջին, ու 2022 թվականին սա Արցախը զիջեց, ամենացավոտ զիջումներին արդեն տարել են, բայց խաղաղության երաշխիք չկա ու չկա: Դե որտեղի՞ց, ո՞վ պետք է տա այդ երաշխիքը, մեկը լինի իրենց երաշխավոր կանգնի։ Ու հիմա միայն Ադրբեջանի նախագահի ցանկությունից է կախված այս փխրուն խաղաղությունը։ Որ ուզում ենք իմանալ, ավելի ստույգ՝ սա հրադադար է՝ մինչ Հայաստանում ընտրությունները:
Ի տարբերություն երկրորդ նախագահի՝ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կշռադատված գործելու, Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ լարված հարաբերություններ ունի, ամեն ինչում նրան է մեղադրում, անգամ՝ հիբրիդային պատերազմի մեջ, այն էլ հիմա, երբ ԱՄՆ-ն անգամ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների կողմնակից է։ Դա էլ այն դեպքում, երբ Հայաստանը տնտեսապես ուղղակի կփլուզվի առանց Ռուսաստանի։ Եվրամիությունում այս ճգնաժամային իրավիճակում էլ Հայաստանի իշխանությունը ամեն օր հայտարարում է ԵՄ գնալու երազանքի մասին։ Այսօր ԵՄ-ն այնպիսի իրավիճակում է, որ նրա մասնատումը շատ ավելի հնարավոր է, քան ընդլայնումը։ Բա մեր հաշվարկը ո՞րն էր։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ԱՄՆ-ն այս ամբողջ փոփոխությունների մեջ Հարավային Կովկասը չի դիտարկում, այստեղ տնտեսական շահեր չունի, ոչ էլ անվտանգային, որ ուզում եք իմանալ՝ անգամ ազդեցության հարց չի լուծում։ TRIPP-ը ԱՄՆ-ին հետաքրքիր է միայն Իրանի հետ սահմանին վերահսկողություն ունենալու տեսանկյունից։ Թրամփի ուղու այդ 74 տոկոսը, որ սրանք հանձնել են ԱՄՆ-ին՝ կառուցման համար, միայն իրենց պարգևավճարների գումարով Հայաստանն ինքը կարող էր սարքել։ Բայց սրանք մեր սուվերեն տարածքը հանձնել են մի պետության, որն այդ պրոեկտում տնտեսական շահ չունի և դիմում է ադրբեջանական ընկերությունների՝ ներգրավելու համար։ Այսինքն ծրագիր է, որը Հայաստանին տնտեսական օգուտ չի տալիս, ԱՄՆ-ին ևս չի տալիս և միակ օգուտը Թուրքիային ու Ադրբեջանին է տալիս։ Ուստի Քոչարյանը դա բնութագրում է հայ-ամերիկյան պրոեկտ՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Եվ ուրեմն այդ TRIPP-ը լինելու է մեզ համար անվտանգային սպառնալիք, քանի որ միևնույն է՝ Իրանը չի հանդուրժելու իր սահմանին ԱՄՆ ներկայությունը, իսկ այդ ներկայությունը մենք ենք բերում, մեր հրավերով, առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ լավ իմանալով, թե ինչ նյարդ է այն պարունակում։ Նկարվելով չէ, գոռգոռալով չէ, սրա տակից պետք է դուրս գանք, ու ամենավատն այն է, որ վստահության մեծ դեֆիցիտ ունենք արդեն մեր մոտակա հարևանի հետ։ Մալադեց քեզ, Նիկոլ։ Ում հետ լավ էինք, նրանք էլ երես կթեքեն մեզանից։ Ինչի՞ համար․ հա՛, որ Ադրբեջանին ու Թուրքիային լավ լինի։
Բավականին ընդլայնված էր երկրորդ նախագահի հարցազրույցի ներքաղաքական հատվածը՝ ընտրություններից մինչև պարգևավճար, եկեղեցի, դատական համակարգ, աղքատություն, թոշակներ, Նիկոլի տված ու չկատարած խոստումներ, բանակի վիճակ, «նախկիններ» չարչրկված թեզը և այլն։
Նախագահ Քոչարյանն անբարոյականություն է համարում այս աղքատության ֆոնին իշխանության ճոխ պարգևատրումները։ Նշեց, որ իր օրոք գործազրկությունը 20 տոկոսից իջել էր 7 տոկոսի, նիկոլի օրոք հասել է 14 տոկոսի, բայց չգիտես ինչու՝ սրանք գլուխ են գովում։ Խոսեց իր օրոք օտարերկրյա միլիարդավոր ներդրումների մասին, խոսեց եկեղեցու դեմ իշխանության պայքարի մասին՝ դարձյալ համարելով անբարոյականություն։ Խոսեց մեր արժեքները ոտատակ տալու մասին։ Ի տարբերութուն սրանց, որ ասում են՝ չի կարող բանակը լինել անվտանգության երաշխավորը, նախագահ Քոչարյանն ասում է՝ հենց բանակը պետք է լինի թիվ 1 երաշխավորը, և բանակը պետք է լինի ուժեղ՝ թույլ չտալու համար պատերազմ։ Ի տարբերություն Նիկոլի, որ ասում է՝ քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, զենք չեն տալիս ուրիշ երկրները, երկրորդ նախագահը պնդում է, որ ինքը ուրիշ երկրներից բերել է զենք իր կառավարման ժամանակ և երբեք չի ունեցել խնդիր։ Ուղղակի այս իշխանությունը գլուխ չի հանում թե՛ բանակից, թե՛ մյուս ոլորտներից և պետության կառավարումից։
Կարևոր թեմա էր հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունները։ Նախագահ Քոչարյանն ասում է՝ այժմ իրավիճակը ունիկալ է, հարցադրումները փոխվել են, նախկինում եթե անվտանգությունն էր թեման, տնտեսությունն էր, աղքատութունն էր, հիմա դրանց ավելացել են ազգային հարցերը՝ Արարա՞տ, թե՞ Արագած, եկեղեցի լինի՞, թե ոչ, Հայոց պատմություն մեզ պե՞տք է թե չէ ու նման հարցեր․ ու նախագահն իր ասուլիսում գլխավոր ֆոն էր դրել հենց Արարատ լեռը՝ Խոր Վիրապ եկեղեցով՝ ընդգծելու իր վերաբերմունքը մեր ազգային սիմվոլների նկատմամբ։ Շատ ցավալի է, որ մենք հասել ենք այ էս իրավիճակին։ Ամբողջ ժողովուրդը դեմ է Փաշինյանի այս խոսույթին, և այս առումով առաջիկա ընտրություններում ընդդիմության շանսերը բարձր են, քանի որ կա ժողովրդի մեջ մեծ հակազդեցություն Փաշինյանի քաղաքականությանը՝ թե՛ ազգային, կրոնական հարցերում, թե՛ սոցիալ-տնտեսական։ Եվ ողջ ընդդիմությունը այս առումով նույն թեզերն է առաջ տանելու։
Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է ընդդիմության մեջ հաջողության հասնելու համար լինի առողջ համագործակցություն։ Անհնար է, որ ընդդիմությունը մեկ ճակատով գնա ընտրության, բայց խիստ անհրաժեշտ է համագործակցությունը, միմյանց չհարվածելը, իրարից ձայն չփախցնելը նախընտրական փուլում, և խիստ հնարավոր է հետընտրական համագործակցությունը։ Երկրորդ նախագահը հնարավոր է համարում, որ կձևավորվեն մի քանի ընդդիմադիր խոշոր միավորներ, և հետընտրական փուլում կմիավորվեն՝ հանուն այս իշխանությունից ազատվելու և երկիրը դեպի զարգացում տանելու։
Կարճ ասած՝ գլխավոր հարցը՝ Ռոբերտ Քոչարյանն ինքը ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին, նախագահ Քոչարյանը չմանրամասնեց․ ասաց՝ իր համար կարևորը իր անձը չէ, այլ՝ ճիշտ, պրագմատիկ վերլուծությամբ պայքարի մտնելը, քանի որ այս ընտրությունները պարզապես խորհրդարանական ընտրություն չեն, այլ Հայաստանը ինչպիսին լինելու հարցն է․ այս ընտրություններն են որոշելու՝ Հայաստանը Սյունիքո՞վ է շարունակելու մնալ, թե՞ բաժանվելու է, եկեղեցի ունենալո՞ւ ենք, թե ոչ։ Այս առումով իրոք որ բացառիկ ընտրություններ են։
Ով կղեկավարի Ռոբերտ Քոչարյանի դաշինքը առաջիկա ընտրություններում՝ դեռ պարզ չէ, հավանականությունը մեծ է, որ հենց նախագահ Քոչարյանն ինքը, քանի որ թե՛ անվտանգային, թե՛ պաշտպանական, թե՛ պետական կամ մասնավոր կառավարման, թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելու, կողմնորոշվելու առումով անմրցելի փորձ ունի։ Իսկ Հայաստանում ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ո՞վ կարող է երկիրը այս վիճակից դուրս բերել։ «Սիրում եմ-չեմ սիրում»-ի ժամանակները վաղուց անցել են։ Հիմա հարցը հենց դա է՝ ով կարող է, ով չի կարող։
Սևակ Հակոբյան