«Լուկօյլ»-ը պայմանավորվել է վաճառել իր արտասահմանյան ակտիվներն ամերիկյան Carlyle-ին

Քաղաքականություն

29.01.2026 | 18:24

«Լուկօյլ»-ը իր արտասահմանյան ակտիվները վաճառելու պայմանագիր է կնքել ամերիկյան Carlyle ընկերության հետ, հաղորդում է ռուսական նավթային ընկերության մամուլի ծառայությունը։ Գնորդը կստանա «Լուկօյլ» ԲԲԸ դուստր ձեռնարկության 100%-ը, որը տիրապետում է «Լուկօյլ» խմբի արտասահմանյան ակտիվներին։ Գործարքը չի ներառում Ղազախստանում գտնվող ակտիվները, որոնք կմնան «Լուկօյլի» սեփականությունը, գրում է Meduza-ն։

Մամուլի ծառայությունը նշում է, որ ամերիկյան ընկերության ակտիվների վաճառքը դեռևս պահանջում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հաստատումը։

«Ընկերությունը նաև շարունակում է քննարկումներն այլ պոտենցիալ գնորդների հետ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Carlyle ներդրումային ընկերությունը դառնում է ռուսական ընկերության ակտիվների հավակնորդներից մեկը՝ Gunvor-ի հետ գործարքի ձախողումից հետո։ Աշխարհի խոշորագույն մասնավոր ներդրումային ընկերություններից Carlyle-ը կառավարում է 474 միլիարդ դոլարի ակտիվներ։

Ամերիկյան «Chevron» նավթային ընկերությունը նույնպես հիշատակվում էր որպես հավանական գնորդ։

2025 թվականի հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց «Լուկօյլ»-ի նկատմամբ, ինչը ընկերությանը դրդեց գնորդ փնտրել իր արտասահմանյան ակտիվների համար: Ռուսական ընկերությունը  համաձայնության էր եկել նավթային առևտրով զբաղվող Gunvor-ի  հետ, որը հիմնադրվել էր շվեդ գործարար Թորբյորն Թյորնկվիստի և Վլադիմիր Պուտինի ընկեր Գենադի Տիմչենկոյի կողմից: Սակայն գործարքը չեղյալ հայտարարվեց, երբ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ «Կրեմլի խամաճիկ Gunvor-ը երբեք լիցենզիա չի ստանա գործելու և շահույթ ստանալու համար», և այն հետ վերցրեց «Լուկօյլ»-ի ակտիվները գնելու իր առաջարկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment