Քոչարյան․ Ինձ որոշ միֆեր են կպցրել, որոնք իմ հետ կապ չունեն ընդհանրապես

Քոչարյան․ Ինձ որոշ միֆեր են կպցրել, որոնք իմ հետ կապ չունեն ընդհանրապես

29 հունվարի 2026 – 17:31 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ՔՊ-ականների կողմից իր հետ կապվող որոշ սպանություններին, ասել է, որ թեև մի քանի անգամ դատարան են մտել և հաղթել են նման գործերում, սակայն, հանրային գիտակցության մեջ տարածված որոշ կարծրատիպերը շարունակում են պահպանվել։

«Որոշ միֆեր ինձ կպցրել են, որոնք իմ հետ կապ չունեն ընդհանրապես: Մի քանի անգամ մտել ենք դատարան, հաղթել ենք, բայց այնպես չէ, որ միֆերը քանդվում են»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Քոչարյանին մեղադրում են տարբեր սպանությունների, անգամ ահաբեկչության մեջ՝ փորձելով նախկինների վերադարձից վախեցնել հասարակությանը։ Նա հետաքրքրվել է՝ արդյոք Քոչարյանը մտադիր չէ հայցով դիմել դատարան նման հայտարարությունների հեղինակների դեմ՝ այդպիսով զրկելով իշխանություններին նման քաղաքական լծակից։

Քոչարյանն արձագանքել է, որ առնվազն երեքից չորս նման գործով արդեն դիմել են դատարան և հաղթել։

«Հիմա էլ դատարանում զրպարտության հետ կապված երկու հայցադիմում կա, բայց մեր քաղաքացիական հարցերով դատարանների ծանրաբեռնվածությունները իսկապես մեծ է և պրոցեսը տարիներ է տևում։ Բացի այն, որ դա տարիներ է տևում, դրանից բացի այն լրահոսում էն տեղը չի զբաղեցնում։ Դու երկու տարի ընկնես փաստաբաններով հաղթես, հետո այդ մասին լուրը կորում գնում է, առնվազn կես ժամվա, մեկ ժամվա խոսակցություն է դառնում:

Ես հասկանում եմ, որ նման վերաբերմունքը փոխելու համար պետք է ռեսուրսներով մտնես և մի 6 ամիս 100 անգամ նույն բանն ասես, ուրիշ ձև, հատկապես այս լրահոսի հոսունության պարագայում, շատ դժվար է գտնել»,-ասել է Քոչարյանը:

Նա նաև ընդգծել է, որ այսօր մեդիա միջավայրում մի տեղեկատվություն երկար ժամանակ պահելն անչափ դժվար է և հնարավոր է միայն որոշ սենսացիոն թեմաների դեպքում, ինչպես օրինակ՝ պարգևավճարների կամ թոշակառուների 10 հազար դրամը ծախսելու անկարողության վերաբերյալ քննարկումները։

«Այն, ինչը որ դուք ասում եք, մի քիչ ուրիշ մոտեցում է ենթադրում, ես պետք է գործերս թողնեի և իմ բոլոր կարողություններով մտնեի այդ դաշտի մեջ, ինչը պրոբլեմ է, իսկապես պրոբլեմ է։ Իմ դեմ այդպես են աշխատել, համակարգված, բավական լուրջ ռեսուրսներ ներգրավելով ու բավական երկար ժամանակ և որոշ միֆեր ինձ կպցրել են, որոնք իմ հետ կապ չունեն ընդհանրապես»,-ասել է նա:

Նա պատմել է, թե ինչպես իր աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ընթերցում էր իր մասին տարածված նման լուրերը, սակայն ինքն անգամ խորհուրդ էր տալիս չկարդալ դրանք՝ համարելով ժամանակի կորուստ։

«Սխա՞լ եմ արել, հա՝ սխալ եմ արել։ Պետք է ուշադրություն դարձնեի, բայց չէի էլ մտածում, որ կարող է էս վիճակը գա, որ հետո մտնեմ քաղաքականության մեջ։ Ընդհանրապես չեմ մտածել»,-ասել է Քոչարյանը:

Leave a Comment