Հայաստանում երկրորդ նախագահ աշխատած, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերը ցրած և ժողովրդին ընտրության տարած, դրա փոխարեն Մարտի 1-ի գործի համար Փաշինյանից թողություն ստացած Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիս էր տալիս։
Նա հայտնում էր, որ նախկին նախագահներից ոչ մեկին նման չէ։
Փոխարենը Փաշինյանին է նման բազմաթիվ հարցերում․ օրինակ՝ Արցախը վերադարձնել չի պատրաստվում, ԹՐԻՓՓ-ին դեմ չէ, բայց այլ պարամետրերով: Իսկ ամենաանսպասելին այն է, որ նա ներել է ադրբեջանցիներին և նա էլ կողմ է թուրքի հետ առուծախին։
Հարցնում են՝ եթե ինքը գա իշխանության, ապա Հայաստանը շարունակելո՞ւ է բենզին գնել Ադրբեջանից, նա ոչ թե բարոյական դաշտ է բերում խոսակցությունը, այլ տանում զուտ տնտեսական դաշտ․ թե՝ Ադրբեջանն այդքան բենզին չունի, որ կարողանա մեզ վաճառել, պետությունը չի գնում անում, այլ մասնավորը և ինչ-որ հաշվարկներ ներկայացնում գնի մասին։
Քոչարյանը, պարզվում է, որ դեռ Նիկոլից առաջ էր փորձել նիկոլություն անել՝ Հեյդար Ալիևին առաջարկելով Ադրբեջանից բիտում գնել։ Վերջինը, սակայն, մերժել է Քոչարյանի առաջարկը։ Հենց Քոչարյանն է պատմել այդ մասին։
Այսինքն՝ 5000 զոհ տալուց հետո, իր հայրենի Արցախն ամբողջությամբ հայաթափելուց հետո, իր մարտական և պաշտոնակից արցախցի ղեկավարներին գերեվարած Ադրբեջանի հետ նա պատրաստ է առևտրի և ոչ մի խղճի խայթ, որևէ բարոյական զգացում։ Եթե, դիցուք, բենզինն էժան լինի, գործարարն էլ դեմ չլինի, ապա, ոչինչ, կարելի է փող տալ և գնել։
Ընդ որում, նա ինքն է շեշտում, որ գնորդն է լավություն անողը, ոչ թե վաճառողը։ Այսինքն դեռևս Փաշինյանից առաջ էր նա ուզում լավություն անել թուրքերին։ Այն թուրքերին, որոնք հենց իր իշխանության տարիներին սովորում էին ատել հայերին և հետագայում էլ եկան իրենց վրեժի հետևից։
Որևէ մեկին մահ չենք ցանկանում, բայց ինչպիսի՞ն կլիներ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը նույն հարցին, եթե 44-օրյային մասնակցած Լևոն Քոչարյանին որևէ բան պատահեր։ Իսկ Քոչարյանի որդուն որևէ բան չի պատահել, պատահել է ուրիշների որդիներին։
Ուրեմն ուրիշների որդիների արյունը կարող է ջուր դառնալ, որովհետև ուրիշի որդիներ են, Քոչարյանինն ու Փաշինյանինը չեն։ Հետևաբար, կարելի է գնել ու վաճառել, այդ թվում և՛ բենզինը, և՛ Արցախը, և՛ երիտասարդ կյանքեր, և՛ պատիվն ու արժանապատվությունը։
Կարևորը էժան լինի ու «մեջը փող մնա»։