Եվրամիությունը, Ադրբեջանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ, կանցկացնի Նախիջևանի երկաթուղային նախագծի իրագործելիության ուսումնասիրություն։ Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթըԼ
Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը ընդգծել է, որ նախագիծը կարևոր ներդրում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանում շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման համար.
«Այս երկաթուղին կլինի ավելի լայն Տրանսկասպյան տրանսպորտային մայրուղու մաս, որը նպատակ ունի կապել Եվրոպան և Կենտրոնական Ասիան 15-օրյա պլանավորված տարանցիկ երթուղով։ Եվրոպայի և Ասիայի միջև բազմազան, հուսալի և կայուն երթուղիները ծառայում են ընդհանուր ռազմավարական շահերին, բերում են փոխադարձ օգուտներ և նվազեցնում են չափազանց կախվածության ռիսկերը»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկկողմ և տարածաշրջանային աջակցության ծրագրերից բացի, ապագա առաջնահերթ նախագծերը կիրականացվեն նորարարական ֆինանսական գործիքների միջոցով՝ ամրապնդելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը։
«Նախագծերը կնպաստեն Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիային, տարածաշրջանային կապերի ամրապնդմանը, երկրում աշխատատեղերի ստեղծմանը և ներառական ու կայուն գյուղական զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ։

