29 հունվարի 2026 – 14:45 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրել է Դալմայի այգիների հարցը՝ ընդգծելով, որ դեռ 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի առաջ խնդիր է դրել Դալմայի այգու անձեռնմխելիության մասով, որ լինի քաղաքային մեծ այգի՝ առանց կառուցապատման, այսինքն՝ քաղաքային անտառ-այգի։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավաստիացրել է, որ 250 հա տարածքում Դալմայի անտառ-պուրակ կստեղծվի, հայտնում է 1lurer.am-ը:
«Իրականում Երևանի քաղաքապետարանը պատվիրել է տեխնիկատնտեսական մի աշխատանք, որն արվել է Դալմայի այգիներում՝ 250 հա տարածքի վրա։
Ենթադրվում է, որ այդ հողերը պետք է մնան կանաչ ֆոնդ, և այդտեղ ուզում ենք իրականացնել նախագիծ, որը կդառնա Դալմայի անտառ-պուրակ, այսինքն՝ 250 հա տարածքում խիտ անտառապատ պուրակ պետք է ստեղծենք, որը Երևան քաղաքում էականորեն կանաչ ֆոնդի քանակը ավելացնում է», – պատասխանել է Ավինյանը։
Քննարկման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև Կասկադի վերակառուցման նախագծին՝ հետաքրքրվելով շինարարության ընթացքից։
Քաղաքապետը պարզաբանել է, որ այժմ ընթանում են պայմանագրային գործընթացներ հաղթող կազմակերպության հետ։
«Իր բնականոն հունով ընթանում է։ Հիմա բանակցում ենք պայմանագրի որոշ կետերի դրույթների վերաբերյալ հաղթող ընկերության հետ։ Հենց վերջնականացնենք այդ բանակցությունները, մենք արդեն անցնելու ենք ավելի ակտիվ փուլի։
Հիմա քանդման աշխատանքների փուլում ենք։ Ֆիզիկապես քանդման աշխատանքները նախորդ տարվանից սկսած արդեն տեղի էին ունենում։ Ֆիզիկապես այնտեղ արվում է աշխատանք», – ասել է Ավինյանը։
Վարչապետ Փաշինյանը նաև հարցրել է Իսակով-Արշակունյաց նախագծի մասին։ Ավինյանը հայտնել է, որ շինարարությունը կսկսվի գարնանը։
«Մրցույթի վերջնական հաղթողը պետք է ընտրվի, և դրանից հետո սկսում ենք աշխատանքները», – հավելել է նա։
Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կօտարի և հանրության գերակա շահ կճանաչի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուրը» և հարակից տարածքները։ Համապատասխան որոշումն ընդունվեցլ է կառավարության նիստում: