Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի շրջանակներում նախատեսված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրին։
Համագործակցության հուշագիրը նախատեսվում է կնքել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՏԿԵՆ ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև՝ նպատակ ունենալով ապահովել «Հայաստան. Դիմակայուն Սյունիք» /Armenia Resilient Syunik Program (RESYP)/ ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների իրականացումը։
ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության միջոցով խորհրդատվական ծառայության արդյունքում ակնկալվում է ապահովել ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի ներդրումային ծրագրի և ծախսերի գնահատման պատրաստմանը՝ ԵՆԲ ֆինանսավորման չափորոշիչներին համապատասխան։
Ծրագիրը միտված է՝
Սյունիքի մարզում բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը,
համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը,
տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը,
ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։
Հուշագրի շրջանակում ԵՆԲ-ն իրականացնում է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ամբողջ գործընթացը՝ մրցույթ, պայմանագրի կնքում, կառավարում և վճարումներ, իսկ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հանդես է գալիս որպես ԵՆԲ-ի հիմնական գործընկեր կառույց։ Ջրային կոմիտեն համակարգելու է սույն համաձայնագրով նախատեսված խորհրդատվական ծառայությունները, համագործակցելով ծրագրի շահառու Սյունիքի մարզպետարանի, համայնքների, բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ:
Տեխնիկական աջակցության շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի (որը վերջնարդյունքում կարող է տարբեր լինել նախնական ընտրված 55-ից և անվանումներով և քանակով) ջրամատակարարման սխեմաներ (համայնքային և գյուղական ջրամատակարարման համակարգերի ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և վերականգնման համար)՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։
Խմելու ջրի բաղադրիչը RESYP ծրագրի երեք բաղադրիչներից մեկն է և ակնկալվում է, որ այն կկազմի նախագծի ընդհանուր (50 միլիոն եվրո) հաշվարկված արժեքի կեսը՝ 25 մլն եվրո։

