«Պասկևիչի բլրում» և դրան հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի հիմնում


ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որով Կառա­վա­րությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնե­տի­րական ընկերությունների հետ կնքել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, այն է՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողո­տա­ների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը 83.9 հա տարածքի մասին է: «Այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքում: Այս 83.9 հեկտարի վրա ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մոտավորապես 2-2.5 մլն քմ կառուցապատում, շուրջ 155 շենք 65 հազար բնակչի համար: Այս հատվածը կարելի է ասել, որ էականորեն բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը»,- ասաց նա:


Ավինյանը նշեց, որ այնտեղ կարող է լինել մինչև 70 հարկանի երկնաքեր: Հաշվի առնելով գրունտը, հաշվի առնելով այն սեյսմիկ իրավիճակը, որը մեր տարածաշրջանն ունի, դա լուծելի է:


Երևանի ավագանու 10.09.2024 թ. թիվ 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավարևմտյան տարածքում (մոտ 81 հա)՝ Հրազդանի կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ՝ «Պասկևիչի բլուրում» և դրան հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոնի հիմնում մեծածավալ հասարակական բնույթի կառուցապատմամբ, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծմամբ: Տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետին դիմել է մասնավոր ընկերությունը՝ ներկայացնելով աշխատանքային էսքիզը և քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:


Այդ մասին նշված է Կառավարության ընդունած որոշման նախագծում:


Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Երևան քաղաքի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:


Արդեն իսկ կառուցված Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը՝ Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհատվածի կառուցումը առավել կբարձրացնեն տարածքի քաղաքաշինական նշանակությունը: Նախատեսվող համալիր կառուցապատումը կդառնա ժամանակակից Երևանի այցեքարտերից մեկը:


Ներկայումս տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները:


Կախված իրացման ծավալներից՝ Ծրագիրը կարող է իրականացվել փուլային եղանակով կամ ամբողջությամբ: Կառուցապատման հայեցակարգը հիմնավորվում է գոտու բարձր քաղաքաշինական արժեքի, տարածքային ռեզերվների, կենտրոնի նկատմամբ ազգային և միջազգային աճող ներդրումային հետաքրքրության, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի կողմից էական ներդրումային և քաղաքի արդիականացման ու վերակառուցման հետևողական փորձի վրա:


Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝


  • Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն).

  • միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում.

  • միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում.

  • համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ.

  • բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ.

  • առանձին բնակելի թաղամասեր դիվանագետների համար:


Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մշակվել է Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը, որի իրականացման համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել գերակա հանրային շահ:

Leave a Comment