ՓԲԸ-ների գործադիր ղեկավարների համար քաղաքական զսպվածությունը կդառնա պարտադիր

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում ընդունեց փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի ղեկավարների համար քաղաքական զսպվածության պարտադիր պահանջ սահմանող նախագիծը։

ԿԳՄՍ նախարարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է, որ գործադիր մարմնի ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները քաղաքական կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի քարոզելու, ինչպես նաև քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է նաև, որ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ հանդիսացող այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կամ չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով։

Փոփոխություններով գործադիր մարմնի պաշտոնի համար պարտադիր պահանջ է սահմանվում բարձրագույն կրթության առկայությունը։ Կառավարության գնահատմամբ՝ սա հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին սահմանված կարգով ընտրել առավել հմուտ ղեկավար, ինչի արդյունքում ակնկալվում է փակ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման ապահովում։

Leave a Comment