Նեթանյահու․ Գազայում պաղեստինյան պետություն չի լինելու

Նեթանյահու․ Գազայում պաղեստինյան պետություն չի լինելու

28 հունվարի 2026 – 16:29 AMT

PanARMENIAN.Net – Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա, որ Գազայի հատվածում պաղեստինյան պետություն ստեղծվի, իսկ տարածաշրջանի վերականգնումը չի սկսվի քանի դեռ այն ամբողջությամբ չի ապառազմականացվել:

Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ամբողջ տարածքի վերահսկողությունը, այդ թվում Գազայի հատվածում։

«Ես արդեն հայտարարություններ եմ լսում, թե մենք թույլ կտանք Գազայի վերականգնումը մինչև ապառազմականացումը: Նման բան չի լինի: Ասում են, թե մենք փորձում ենք Գազա տեղափոխել թուրք և քաթարցի զինվորների՝ նման բան ևս չկա: Ասում են, թե ես թույլ կտամ պաղեստինյան պետություն ստեղծել Գազայում: Նման բան չի եղել և չի լինի»,-ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն՝ The Times of Israel‑ի վրա հղումով:

Իսրայելի վարչապետը նշել է, որ հունվարի 26‑ին վերջին գերու՝ 24-ամյա Ռան Գվիլիի, աճյունի վերադարձից հետո Իսրայելը կենտրոնացել է ՀԱՄԱՍ-ի զինված ուժերի ոչնչացման և Գազայի հատվածի ապառազմականացման վրա:

2025 թվականի հոկտեմբերին Իսրայելի իշխանություններն ու ՀԱՄԱՍ‑ը համաձայնագիր են կնքել հրադադարի մասին՝ հիմնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակված խաղաղ ծրագրի վրա։ Այս համաձայնագրի պահպանման երաշխավորներ են դարձել Միացյալ Նահանգները, Թուրքիան, Քաթարն ու Եգիպտոսը։ Առաջին փուլում ՀԱՄԱՍ‑ի մարտիկները վերադարձրել են ողջ մնացած իսրայելցի բոլոր գերիներին իսրայելական բանտերից ազատ արձակված պաղեստինացի բանտարկյալների դիմաց։

Հունվարի կեսին Սպիտակ տունը հայտարարել է Գազայում ռազմական գործողություններն ավարտելու Թրամփի ծրագրի երկրորդ փուլը սկսելու մասին։ Այն ենթադրում է «Խաղաղության խորհրդի» ստեղծում և նրա ենթակայության տակ գործող Ազգային կոմիտեի ստեղծում, որը պետք է ղեկավարի տարածաշրջանը մինչեւ այն պահը, երբ տվյալ ֆունկցիան կարող է վերցնել պաղեստինյան ազգային վարչակազմը։

Leave a Comment