«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։ TRIPP-ը, սակայն, միակ ուղղությունը չէ, որ լինելու է Վենսի ուշադրության կենտրոնում։
Իշխանական կուլիսներում խոսում են, որ հնարավոր է նաև փաստաթուղթ ստորագրվի, համաձայն որի՝ Հայաստանն ԱՄՆ-ին է վերապահելու մոդուլային ատոմակայանի կառուցումը։ Այս թեման արդեն մի քանի տարի է՝ շրջանառվում է իշխանության օրակարգում: Նման հայտ ներկայացրել է նաև Ռուսաստանը։ Բնական է, որ որոշումը քաղաքական է լինելու. Արևմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը և մոդուլային ատոմակայանների կառուցումը»։