28 հունվարի 2026 – 17:10 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 27-ին աշխատանքային այցով Լիտվայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳՆ կանցլեր Այստե Ստակենիենեի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ընդգծելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների և ոլորտային համագործակցության խորացման կարևորությունը:
Դավիթ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի, քաղաքական հարցերով տնօրեն Լայմոնաս Տալատ-Կելպշայի հետ, աշխատանքային քննարկումներ է ունեցել մի շարք ոլորտային վարչությունների ղեկավարների հետ:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները՝ այս համատեքստում ընգծելով Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից«TRIPP ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը:
Հանդիպումների ընթացքումանդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։