Տեսանյութ. Հայաստանում հոգևորականների հալածանք չկա, կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանում բռնի կերպով իշխանությունը վերցնել. Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում. «Չնայած վերջին տարիների ցավալի փորձառություններին, ինչպես նաև պատերազմից բխած հումանիտար հետևանքներին՝ Հայաստանը կատարել է հստակ և գիտակցված ընտրություն հօգուտ խաղաղության՝ ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք հնարավորություն են տվել Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և համագործակցություն թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։

Միաժամանակ մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը վճռորոշ նշանակություն ունի հասարակությունների միջև վստահության և հաշտեցման վերականգնման համար՝ հնարավորություն տալով փակել տասնամյակների տառապանքի էջը և հարթել խաղաղ ապագայի ճանապարհը։ Իսկապես, Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների վերջերս ազատ արձակումը հույս է ներշնչում այս առումով։ Ադրբեջանում դեռևս պահվող մնացած 19 հայ գերիների ազատ արձակումն, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն, անկասկած, կդառնան հաշտեցման գործընթացին ուղղված էական ներդրում։

Խաղաղությունը, ինչպես և ժողովրդավարությունը, չի կարելի ընդունել որպես ինչ-որ ինքնըստինքյան տրված բան. այն պետք է մշտապես խնամել, պաշտպանել և նորոգել՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում»։

Leave a Comment