Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել. կողմերը շարունակում են քննարկել այս հարցը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Անվտանգության երաշխիքների մասին շատ է խոսվում։ Եվ այժմ այս հարցում ընդհանուր համաձայնություն կա, հատկապես Ուկրաինայի դեպքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու պարտավորությունները կարող են ներառել փոքր եվրոպական ռազմական կոնտինգենտի տեղակայումը՝ ԱՄՆ-ի լոգիստիկ աջակցությամբ։
«Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները կաջակցվեն Միացյալ Նահանգների կողմից, բայց միայն եվրոպական զորքերը կարող են գտնվել տեղում»,- ասել է Ռուբիոն։
Մասնավորապես, սա վերաբերում է երկրում բրիտանական և ֆրանսիական զորքերի հնարավոր տեղակայմանը։ Պետքարտուղարի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մեխանիզմը արդյունավետորեն հիմնված է Վաշինգտոնի աջակցության վրա։
«Իրականում՝ անվտանգության երաշխիքն ամերիկյան անվտանգության մեխանիզմ է։ Եվ ես չեմ նվազեցնում այն փաստը, որ որոշ եվրոպական երկրներ պատրաստ են զորքեր տեղակայել պատերազմից հետո Ուկրաինայում։ Ես պարզապես նշում եմ, որ առանց ամերիկյան անվտանգության մեխանիզմի դա անտեղի է։
Անվտանգության մեխանիզմի անհրաժեշտությունն այն է, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները վերջին 20-30 տարիների ընթացքում բավարար չափով ներդրումներ չեն կատարել իրենց պաշտպանական կարողությունների մեջ։ Հիմա, հուսով եմ, դա կփոխվի»,- ասել է Ռուբիոն։
