Փլուզումն անխուսափելի է․ «Կարճ ասած»

 

Հունվարի 28-ն է, Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Մեր մաղթանքն է շուտով տեսնել բանակի վերականգնումը, պարտության տրամաբանությունից դուրս բերումը․ որ դարձյալ դառնա խնդիր լուծող բանակ, ինչպես առաջ էր։ Իհարկե՝ դա անհնար կլինի պարտված իշխանության հետ։ Բանակի հետ կապ չունեցողն ասում է՝ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի և չի ունենալու։ Սուտ է ասում․ սկսենք նրանից, որ իր պահած ՀՀ բանակը այսօր չի պաշտպանում այդ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը։ Մեր տարածքից առնվազն 200 քառակուսի կիլոմետրն օկուպացված է, ու նա ասում է՝ այդ տարածքները բանակով հետ բերելու խնդիր չենք դնում․ այսինքն՝ խնդիր դրված չէ՝ պաշտպանել մեր 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը։

Փաստենք՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը որև է մասնակցություն չի ունեցել ՀՀ պաշտպանությանը՝ ո՛չ զինծառայողի տարիքում եղած ժամանակ, քանի որ ՔՊ-ական պաշտոնյաների կեսից ավելին բանակում չի ծառայել՛ ո՛չ ընդդիմություն եղած ժամանակ, քանի որ ՔՊ-ն ապրիլյան պատերազմին գնացել է դրա ավարտից մեկուկես ամիս անց, ո՛չ իշխանության փուլում։ Փոխարենը այսօր թշնամու թելադրանքով ձևում-չափում են մեր բանակը՝ կրճատում են թվաքանակլը, ծառայության ժամկետը, սպառազինությունը և այլն։

Շատ հաճախ ենք լսում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը ձեռնտու է մեր թշնամիներին, և այդ թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից լսել ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը աջակից խոսքեր։ Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ հունիսին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին աջակցում են Նիկոլի վարած քաղաքականությունը՝ հույս ունենալով որ կվերընտրվի։ Նիկոլը բացահայտ աջակցություն է վայելում մեր թշնամիներից։ Իսկ ինչպե՞ս կարելի է բնութագրել երկրի ղեկավարի, որին գովաբանում են թշնամիները և ցանկանում են, որ նա վերընտրվի։

Ժողովրդի համար այդ գովեստը, կարծում եմ, ազդանշան է, որովհետև երբ թշնամիդ ցանկանում է, որ քո այսօրվա ղեկավարը վերընտրվի, ուրեմն նա՝

  • Թույլ առաջնորդ է և կառավարելի է թշնամիների կողմից։ Թշնամիները գովում են ոչ թե ուժեղին, այլ նրան, ով չի դիմադրում, չի խանգարում իրենց շահերին, հեշտ է ճնշման ենթարկել, իսկ այս դեպքում անգամ ճնշման կարիք չեն տեսնում, այնքան յուրային են համարում։
  • Ազգային շահերով չի առաջնորդվում։ Եթե արտաքին հակառակորդը շահագրգռված է նրա վերարտադրությամբ, նշանակում է՝ նրա քաղաքականությունը վնաս է երկրի դիրքերին, թուլացնում է անվտանգությունը, այսինքն՝ ինքնիշխանությունը։

Այդպիսի ղեկավարը օգտակար է իր հակառակորդի համար, հարմար գործընկեր։ Եթե Հայաստանի իշխանությունը կարիք ունի վերընտրվելու համար դրսի ու հատկապես թշնամու աջակցության, նշանակում է, որ նա ունի լեգիտիմացման խնդիր, երկրի ներսում վստահությունը խարխլված է, ընտրվելու շանս չունի և դրսի աջակցության կարիքը ունի աթոռը պահելու համար։ Իհարկե՝ դրսի ուժերին ձեռնտու չէ ղեկավար, որը ներսում ունի աջակցություն, որովհետև նրան հովանավորելով՝ կարող են պոկել ինչ ցանկանում են՝ վերընտրության դիմաց։ Նման ղեկավարը, այո, անգամ թշնամու աջակցության կարիքը ունի․ չզարմանաք, եթե Ալիևը հայտարարի՝ եթե Նիկոլը ընտրվի, Հայաստանի դեմ հարձակում չենք անի։ Աջակցություն են ցուցաբերում, որ մնա իշխանության, որովհետև ձեռնտու է․ նրանք ոչ թե անձին են աջակցում, այլ նրա պահվածքը։ Թշնամուն, բնականաբար, ձեռնտու չէ հակառակորդ երկրի գլխին ուժեղ առաջնորդ․ մեր թշնամիներին ձռնտու է այսպիսի թույլ, ոչ լեգիտիմ ղեկավարը։

Եթե քո ղեկավարի վերընտրվելուց ուրախանում է քո երկրի թշնամին, դա պատիվ չէ, պրոբլեմ է, ի դեպ՝ նաև այդ ղեկավարի համար։ Անրի Ֆիլիպ Պետեն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար էր, հետո ռազմական մինիստր էր, 1940 թվականից՝ պրեմիեր մինիստր էր․ վարեց պրոֆաշիստական գիծ, ստորագրեց զինադադար Ֆաշիստական Գերմանիայի հետ, գլխավորեց «Վիշիի» պրոհիտլերյան վարչակարգը։ Հիտլերը բացահայտ գոհ էր նրա կառավարումից․ որովհետև դիմադրություն չկար, ինքնիշխանությունը փաստացի հանձնված էր։ Պատերազմից հետո Պետենը որպես թշնամու հետ համագործակցող ղեկավար դատապարտվեց մահապատժի, հետո այն փոխվեց ցմահ բանտարկությամբ և ապրեց նման պայմաններում շատ երկար՝ մինչև 95 տարեկան։ Հիտլերը նաև գոհ էր 1938-ին Չեխոսլովակիայի «խաղաղասեր» ղեկավարությունից։ Արդյունքը՝ երկրի մասնատում առանց պատերազմի։

Երբ թշնամի պետության ղեկավարները ցանկանում են քո ղեկավարի վերարտադրությունը, դա նշանակում է՝ նա չի հանդիսանում ռազմավարական խոչընդոտ, չի ուժեղացնում բանակը, հավասարակշռություն չկա, կանխատեսելի և կառավարելի է։ Թշնամին գովանբանում է նրան, ում քայլերը կարող է հաշվարկել ու ուղղորդել։ Թշնամին չի սիրում անորոշությունայժմ նրա համար խիստ անորոշ է, թե ինչ կլինի, եթե նիկոլին փոխարինի ուրիշը և խիստ հստակ է, թե ինչ կլինի այսպես շարունակվելու դեպքում։ Նիկոլը մնա՝ վստահ է, որ քանի ինքը խելոք է, չի լինի իր նկատմամբ կոշտացում, որովհետև չեն լինի ազգային թեմաներով կարմիր գծեր, թշնամին վստահ է լինելու, որ իր շահերը ոչ մի վայրկյան չեն վտանգվելու, չի վախենում, թե կլինեն հակադարձ քայլեր։

Ե՞րբ է գալիս Թուրքիայից ու Ադրբեջանից գովեստը․ երբ Նիկոլը զիջումները ներկայացնում է որպես հաղթանակ․ երբ պարտությունը ներկայացնում է որպես խաղաղության պայման, երբ Ադրբեջանի կամքին դիմադրելը ներկայացնում է որպես արկածախնդրություն, ռևանշիզմը՝ հանցագործություն։ Այ սրա համար են աջակցում Նիկոլին։ Թշնամին գոհ է, որովհտեև իր պահանջները ներկայացվում են որպես միակ օրակարգ, ու ժամանակն աշխատում է իրենց օգտին, ճնշումներն արդյունք են տալիս։
Բայց կան նաև ներքին գործոններ, որոնցով ևս բացարձակ ձեռնտու է Նիկոլը Էրդողան-Ալիև զույգին։ Թշնամին շահագրգռված է Հայաստանի այս ղեկավարությամբ, քանի որ նրա օրոք և շնորհիվ հասարակությունը բաժանված է, ընդդիմախոսությունը հալածվում է, եկեղեցին վարկաբեկվում է, ռազմաքաղաքական գործընկերների հետ հարաբերությունները զրոյական են, անվստահությունը բարձր է։ Ներքին թուլությունը արտաքին ուժերի ամենամեծ դաշնակիցն է։ Ժողովուրդ ջան, սա այսօրվա իրավիճակն է մեր։

Թշնամին վախենում է նրանից, ով հստակ ասում է՝ այստեղից այն կողմ՝ ոչ ու պատրաստ է այդ գծերը պաշտպանել ոչ միայն խոսքով։ Չի սիրում խելացի, ուժեղ, կամային ղեկավարի, չի սիրում ղեկավարների, որոնք հանրությանը կարող են մոբիլիզացնել, հանրության համար ընդունելի առաջարկ են ներկայացնում, պատերազմի ժամանակ դրսևորվել են ուժեղ գծերով, բանակ են հզորացրել, չեն կախված արտաքին հավանությունից։ Թշնամին չի սիրում այն ղեկավարներին, որոնց վրա չի կարող պուլտով ազդել։

Եթե Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են, որ քո ղեկավարը մնա, դա ազդանշան է․ երբ թշնամին լռում է, զգուշանում է, նյարդայնանում է, դա էլ է ազդանշան։ Պետության համար անվտանգ է երկրորդ տարբերակը։ Ալիևը անգամ Նիկոլին ծաղրելիս չի զգուշանում։

Ժողովուրդ ջան, երբ թշնամին գոհ է ղեկավարից, ժողովուրդը՝ ոչ, պետականության փլուզումն անխուսափելի է։ Կա՛մ իշխանական բուրգը պետք է փլուզվի, կա՛մ՝ պետությունը։ Ղեկավարը, ում պահում են դրսից, ներսում չի կարող շատ երկար դիմանալ։

Կարճ ասած՝ խաղաղությունը պահում են հենց նրանք, ումից վախենում է հակառակորդը, թշնամին։ Ուժեղ ղեկավարին թշնամին լռությամբ է ընդունում, ոչ թե գովաբանում․ Թշնամու գովեստը ախտորոշում է։ Եթե հակառակորդը ցանկանում է քո ղեկավարի վերընտրվելը, պետք է հարց տալ՝ ինչի՞ հաշվին։ Հիմա ուզում եմ հարց ուղղել, ժողովուրդ ջան, ինչի՞ հաշին է Նիկոլը մնալու։ Նրա ամեն անգամ մնալուց մենք կորցրել ենք։ 2018-ին ընտրվել է՝ կորցրել ենք Արցախի մեծ մասը, հետո կորցրել ենք Սև լճի մի մասը, 2021-ին ընտրվել է, կորցրել ենք Արցախն ամբողջությամբ, Ջերմուկից հատվածներ, կորցրել ենք Կիրանցը․ ամեն տարի կորցրել ենք։ Հիմա մնաց՝ ի՞նչ է մնալու մեզնից, մեր Հայաստանից։

Կարծում եմ՝ այս գիտակցումն է, որ պետք է համատարած ուղեկցի ընտրատեղամասեր՝ մերժելու Հայաստանում թուրքական, ադրբեջանական գերիշխանությունը, նրանց շահերի ներկայացուցիչներին։ Հենց այս գիտակցմամբ գնաք ընտրության, վստահաբար կիմանաք ոչ միայն ում մերժել, նաև՝ ում վստահել պետությանն ու ժողովրդին առաջնորդելու ղեկը։

Սևակ Հակոբյան

Leave a Comment