Սխալ է նորից պատերազմ սկսել. Ֆիդանը՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է՝ Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը «սխալ» կլինի։ Նա կոչ է արել Վաշինգտոնին և Թեհրանին՝ իրենց խնդիրները լուծել դիվանագիտորեն և աստիճանաբար։ Al Jazeera-ի հետ զրույցում Ֆիդանը տարածաշրջանային համագործակցության կոչ է արել, քանի որ ԱՄՆ-ը ռազմական ակտիվներ է կուտակում Մերձավոր Արևելքում՝ Իրանի հետ լարվածության աճի ֆոնին։

«Սխալ էնորից  պատերազմ սկսել»,- ասել է  Ֆիդանը։

Չնայած սրվող հռետորաբանությանը՝ Ֆիդանը ենթադրում է, որ դիվանագիտական ​​լուծումը դեռևս հնարավոր է։

«Իրանը պատրաստ է կրկին բանակցել միջուկային գործի շուրջ»,- ասել է թուրք բարձրաստիճան դիվանագետը։

Այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսին պատերազմ սկսեց՝ ռմբակոծելով Իրանը, ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին։ Թրամփը բազմիցս պնդել է, որ հարձակումը «ոչնչացրել է» Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն Թեհրանը պնդում է միջուկային հարստացման իր իրավունքի հարցում, և երկրի բարձր հարստացված ուրանի գտնվելու վայրը մնում է անհայտ։

Միջուկային ծրագրից զատ՝ ԱՄՆ պաշտոնյաները նաև ասել են, որ Իրանը պետք է կրճատի իր հրթիռային զինանոցը և դադարեցնի տարածաշրջանում դաշնակից ոչ պետական ​​​​դերակատարներին աջակցելը, ինչպիսիք են Լիբանանում «Հըզբոլլահ»-ը և Գազայում ՀԱՄԱՍ-ը։

«Իմ խորհուրդը միշտ ամերիկացի ընկերներին է՝ մեկ առ մեկ փակեք հարցերը Իրանի հետ։ Սկսեք միջուկայինից, փակեք այն, ապա մյուսները։ Եթե ​​դրանք բոլորը միասին դնենք, մեր իրանցի ընկերների համար շատ դժվար կլինի մարսել, իսկապես մշակել և անցնել այս ամենի միջով։ Եվ երբեմն դա կարող է նվաստացուցիչ թվալ նրանց համար։ Շատ դժվար կլինի բացատրել ոչ միայն իրենց, այլև ղեկավարությանը»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ Իրանը կարող է «իդեալական տեղ» զբաղեցնել տարածաշրջանային կարգում։

«Նրանք պետք է վստահություն ստեղծեն տարածաշրջանում։ Պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչպես են իրենց ընկալում տարածաշրջանային երկրները, քանի որ նրանք ոչ մի տեղ չեն գնում. մենք ոչ մի տեղ չենք գնում»,- հավելել է նա։

Ըստ Ֆիդանի՝ չնայած տարբեր գաղափարախոսություններին, հայացքներին, կրոնին՝ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն և միասին աշխատեն ազգային պետության համակարգի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment