
Թե՛ Կառավարությունը, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ՀՀ ժողովուրդն իսկապես ամեն հնարավոր ջանք գործադրում են՝ վստահ լինելու, որ խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, տևական լինի, և որ այս խաղաղությունը, որ համաձայնագրով ձեռք ենք բերել կօգնի մեզ՝ թե՛ երկու երկրներին, թե՛ տարածաշրջանը բերելու համագործակցության և բարգավաճման շրջան: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ պատասխանելով ներկաների հարցերին:
«Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ կան այս բարդագույն խնդրի բազմաթիվ հարթություններ: Մեկը հումանիտար խնդիրն է, այո՛, անհետ կորած անձանց ճակատագիրը, Ադրբեջանում պահվող 19 անձանց գերությունից ազատ արձակումը: Սրանք հարցեր են, որոնց պետք է արդրադառնա թե՛ ՀՀ Կառավարությունը, թե՛ քաղհասարակությունը: Շարունակում ենք մեր ջանքերը և բանակցությունները, մեր քննարկումները նախ և առաջ Ադրբեջանի գործընկերների հետ, բայց միևնույն ժամանակ՝ մեր միջազգային գործների հետ, քանի որ ձեր աջակցությունը, ձեր ներդրումը շատ կարևոր է այս հարցի վերաբերյալ, այն հույժ կարևոր է, վճռորոշ նշանակություն ունի և մեծապես գնահատվում է»,-ասաց նախարարը:
Միրզոյանը խոսեց նաև խաղաղության ընթացակարգերի մասին՝ նշելով, որ ՀՀ վարչապետն է հայտարարել, որ տարանցման համար բաց են նաև ՀՀ սահմանները, նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև բազմաթիվ այցեր են տեղի ունեցել:
Խաղաղության հաստատման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱԳ նախարարը կարևորեց նաև սահմանազատման գործընթացը՝ այն անվանելով անկյունաքարային: Նա խոսեց նաև օգոսոտի 8-ին Վաշինգտոնում TRIPP-ի մասով երկրների միջև ձեռք բերված համաձայնության մասին, որը ևս ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը: