Հունաստանում՝ լճի ափին իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են երկու փայտե գործիքներ, որոնք համարվում են մինչ այժմ հայտնի ամենահին նմանօրինակ գտածոները։ Գիտնականների գնահատմամբ՝ դրանք ունեն մոտ 430 հազար տարվա պատմություն։
Գտածոներից մեկը շուրջ 80 սանտիմետր երկարությամբ բարակ փայտյա ձող է, որը, ըստ հետազոտողների, հնարավոր է օգտագործվել է ցեխոտ հողում փորելու համար։ Մյուսը փոքր չափերի, ձեռքով պահվող փայտե առարկա է՝ պատրաստված ուռենու կամ բարդու փայտից, որի գործառույթը դեռ հստակ չէ։ Ենթադրվում է, որ այն կարող էր ծառայել քարե գործիքների մշակման համար։
Հետազոտությունը հրապարակվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատությունների ամսագրում։ Գիտնականների խոսքով՝ հնագույն մարդիկ օգտագործել են տարբեր նյութերից պատրաստված գործիքներ՝ քարից, ոսկորից և փայտից, սակայն փայտը շատ արագ է քայքայվում, ինչի պատճառով նման գտածոները հազվադեպ են պահպանվում և հայտնաբերվում են միայն հատուկ պայմաններում՝ սառույցի, քարանձավների կամ ջրի տակ։
Գործիքները հայտնաբերվել են Հունաստանի Մեգալոպոլիսի ավազանում, որտեղ, ըստ մասնագետների, դրանք արագորեն ծածկվել են նստվածքներով և պահպանվել խոնավ միջավայրի շնորհիվ։ Տարածքում նախկինում նույնպես հայտնաբերվել էին քարե գործիքներ և փղերի ոսկորներ՝ կտրած հետքերով։
Մինչ այժմ տարածքում մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել, ինչի պատճառով անհայտ է, թե կոնկրետ ով է օգտագործել այդ գործիքները։
