Կաթողիկոս․ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է

Կաթողիկոս․ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է

28 հունվարի 2026 – 13:44 AMT

PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Բանակի օրվա առիթով հղած ուղերձում նշել է, որ նորանկախ պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակն իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով:

Նա նշել է, որ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։

«Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։

Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները՝ իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով՝ ըստ առաքյալի խոսքի. «Զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագեք» (Եփ. 6.10)։

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն իր Սուրբ աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում, և հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ. ամեն»,-ասվում է ուղերձում:

Leave a Comment