Մաղթում եմ, որ մի օր մեր բանակն էլի առյուծ ղեկավարներ ունենա․ Լևոն Զուրաբյան

Բաժանորդագրվել

ՀԱԿ փոխնախագահը սրբապղծություն է համարում, որ իշխանությունը ստեղծում է իր իսկ կողմից զոհաբերված մարդկանց հիշատակը հարգելու օր։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լիահույս է, որ մի օր Հայոց բանակը կրկին առյուծ ղեկավարներ կունենա և կկարողանա դուրս գալ այս նվաստացուցիչ պարտությունների շրջափուլից։ Այդ մասին նա ասաց այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։

«Ալեքսանդր Մակեդոնացին ժամանակին ասում էր՝ անգամ ոչխարների բանակը, եթե առյուծ ղեկավար ունի, կարող է հաղթել և հակառակը՝ առյուծները, եթե ունեն ոչխար զորավար, պարտվում են։ Մեր առյուծ բանակը հիմնադրել են առյուծ ղեկավարները, մաղթում եմ, որ շուտով նորից բանակն ունենա առյուծ ղեկավարներ»,- ասաց Զուրաբյանը։

Ինչ վերաբերում է հունվարի 27-ը բոլոր պատերազմներում հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հայտարարելուն՝ Զուրաբյանը դա սրբապղծություն համարեց։ Նրա խոսքով՝ իշխանություններն իրենք են խոստովանել, որ չեն դադարեցրել պատերազմը, որպեսզի իրենց դավաճան չանվանեն, ստացվում է, որ գիտակցաբար հազարավոր մարդկանց կյանքեր են զոհաբերել։

«Այսինքն՝ հիմնադրում են իրենց զոհաբերած մարդկանց հիշատակը հարգելու համար»,- ասաց Զուրաբյանը։

Leave a Comment