Տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարել է Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

ԳՀԽ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին եկեղեցու կանոնական, վարչական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։

Ապօրինի ազատազրկված եկեղեցականների, ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել փաստաբան, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։

Արձանագրվել է, որ եկեղեցականների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և իրավական առումով չեն բխում օրինականության ու արդար դատաքննության հիմնարար սկզբունքներից, կրում են ընտրովի և խտրական բնույթ։

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրել, որ դրանք ՀՀ սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։

Ժողովականները մերժելի նկատել են պետական և իրավապահ մարմինների ներգրավմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտությունները։ Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքն է հայտնել փաստաբաններին՝ նրանց հետևողական աշխատանքի՝ եկեղեցականների ու ազատազրկված հայորդիների իրավունքների պաշտպանության գործում ներդրած կարևոր ջանքերի համար։

Գերագույն հոգևոր խորհուրդը քննության է առել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի կարգազանց ընթացքը։ Արձանագրվել է, որ վերջինս վիճարկելով թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու հայրապետական տնօրինությունը, փաստացի դրժել է հնազանդության իր ուխտը և դատական հայց ներկայացրել ընդդեմ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել առաջնորդական իր հանգամանքը։

Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձ է կատարել նաև Գևորգ եպիսկոպոսի հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտել նման վարքագիծը՝ այն գնահատելով եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության ու եկեղեցական միաբանության սկզբունքների կոպիտ խախտում և առաջարկ ներկայացրել կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ։

Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով է հանդես եկել ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք հակասում են գործող քաղաքացիական և ոլորտային օրենսդրության հիմնադրույթներին, խախտում են սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները և ստեղծում են անհիմն ենթադրություններ, իբր Հայ եկեղեցու կողմից պաշտամունքային հուշարձանների օտարման վտանգի մասին։

Զեկույցում ընդգծվել է, որ հիշյալ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չունեն իրական իրավակարգավորիչ անհրաժեշտություն, ուղղված չեն սրբավայրերի և հոգևոր-մշակութային հուշարձանների անաղարտ պահպանության խնդիրներին, չեն լուծում որևէ շոշափելի հանրային խնդիր և հիմնականում ծառայում են հակաեկեղեցական տրամադրությունների ձևավորմանն ու խորացմանը։ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։

Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցերին։ Որոշվել է ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվել է կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Leave a Comment