Չինաստանը տարիներ շարունակ գաղտնալսել է Միացյալ Թագավորության վարչապետների օգնականների բջջային հեռախոսները։ Այս մասին գրում է The Telegraph թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Չինաստանի կողմից հովանավորվող հաքերները ենթադրաբար 2021-ից 2024 թվականներին գաղտնալսել են Բորիս Ջոնսոնի, Լիզ Թրասի և Ռիշի Սունակի օգնականների բջջային սարքերը։ Թերթը չի հստակեցնում՝ արդյոք հաքերներին հաջողվել է հասանելիություն ստանալ հենց վարչապետների հեռախոսներին։
ԱՄՆ հետախուզության աղբյուրները Telegraph-ին հայտնել են, որ Պեկինը շարունակում է բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման գործողությունը։ Հետևաբար, ներկայիս վարչապետ Քիր Սթարմերը և նրա խորհրդականները նույնպես կարող են լինել թիրախում։
Նույնիսկ եթե հաքերներին չի հաջողվել լսել խոսակցությունները, նրանք կարող էին հասանելիություն ստանալ մետատվյալներին՝ հասկանալու համար, թե երբ և ում հետ են կապ հաստատել պաշտոնյաները։
Բրիտանական հակահետախուզությունը՝ MI5-ը, պատրաստվում է հատուկ ուղեցույց հրապարակել խորհրդարանականների համար՝ օտարերկրյա միջամտությանը դիմակայելու վերաբերյալ։ Փաստաթուղթը հասցեագրված է «բարձր ռիսկային» կատեգորիայի անձանց։